14:27 | 30.04.20 | Նորություններ | 8725

    Հայ-ռուսական համալսարանը 2000 մասնակցի համար կանցկացնի ծրագրավորման երկամսյա առցանց դասընթաց

    ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ամփոփել է այլ ոլորտներից դեպի տեխնոլոգիական ոլորտ անցում կատարող սկսնակների համար «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացների կազմակերպման դրամաշնորհային մրցույթի արդյունքները։

    Ծրագրի նպատակն է Կորոնավիրուսի (Covid-2019) հետեւանքով խոցելի ոլորտներում հայտնված մարդկանց, ինչպես նաեւ 2020թ. ԲՈՒՀ-երի շրջանավարտների համար ստեղծել պայմաններ՝ համապատասխան գիտելիքներ ձեռք բերելու եւ տեխնոլոգիական ոլորտ անցում կատարելու համար։

    Մրցութային հանձնաժողովի գնահատման արդյունքում18 հայտադիմումներից հաղթող է ճանաչվել Հայ-ռուսական(Սլավոնական) համալսարանը, որը ծրագրի շրջանակներում շուրջ 2,000 մասնակցի համար կազմակերպելու է «Ծրագրավորման հիմունքներ» թեմայով երկամսյա առցանց դասընթացներ (շաբաթական առնվազն երկու անգամ հաճախականությամբ), որոնց կարող են մասնակցել Երեւանում եւ մարզերում բնակվող քաղաքացիները։ 

    «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացը հնարավորություն է տալու`
    ուսանողներին ծանոթանալու համակարգչային գիտությունների հիմունքներին,
    հաղորդելու C++ ծրագրավորման լեզվի հիմնային գիտելիքներ,
    ձեւավորելու կարողություններ եւ հմտություններ, որոնք կնպաստեն ուսանողի հետագա կրթությանը ծրագրավորում մասնագիտության մեջ,
    զարգացնելու ինժեներական մտածողություն եւ մասնագիտական հետաքրքրասիրություն,
    նպաստելու ուսանողների ինքնակրթությանը։

    Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարել էր դրամաշնորհների մրցույթ՝ այլ որորտներից դեպի տեխնոլոգիական ոլորտ անցում կատարող սկսնակների համար «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացների կազմակերպման նպատակով: