11:16 | 30.04.20 | Նորություններ | 7257

ImpactAIM ANAU AgriTech Accelerator ծրագիրն ընդունում է հայտեր

ImpactAIM ANAU AgriTech Accelerator ծրագիրը, որը միտված է աջակցելու այն ստարտափ թիմերին եւ սկսնակ ձեռներեցներին, որոնք առաջարկում են նորարարական լուծումներ Հայաստանում եւ աշխարհում գյուղատնտեսության ոլորտի մարտահրավերներին դիմակայելու համար, ընդունում է հայտեր։

Ներկայացվող հայտերը կարող են առնչվել տվյալահեն գյուղատնտեսությանը, առցանց կառավարման հարթակներին եւ էլեկտրոնային առեւտրին, նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ սննդի արտադրության արժեքային շղթայի արդյունավետության բարձրացմանը: Նշվում է, որ առաջնահերթությունը կտրվի COVID-19-ի մարտահրավերներին նորարարական գաղափարներ առաջարկող անհատներին ու թիմերին:

Դիմումներն ընդունվում են մինչեւ մայիսի 24-ը ներառյալ, ծրագրի բոլոր մանրամասներին եւ դիմելու ընթացակարգին կարելի է ծանոթանալ այստեղ։ 

AgriTech ծրագիրն ապահովում է անհրաժեշտ բիզնես եւ տեխնոլոգիական գիտելիքներ, ոլորտային փորձառություն, բիզնեսի զարգացման համար անհրաժեշտ կապեր եւ ֆինանսավորում ստարտափ հիմնելու կամ գործող ստարտափի գործունեության շրջանակն ընդլայնելու համար։ Ծրագրի ընթացքում ցուցաբերվելու է անհատական մոտեցում յուրաքանչյուր մասնակցի կարիքներին համապատասխան։

Հիմնական ծրագրի տեւողությունը 3 ամիս է,  ծրագիրը կանցկացվի առցանց՝ երեք փուլով․

Ճանաչողական սեսիաներ 
Ստարտափների զարգացման սեսիաներ 
Պրոտոտիպերի ստեղծման սեսիաներ 

Ֆինանսավորման հասանելիությունը ծրագրի բաղկացուցիչ մասն է: Հաջողակ ստարտափների հետագա զարգացումը խթանելու համար ծրագիրը համագործակցում է նաեւ ADB ventures-ի ու Գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում ներդրողների (STAN) ցանցի հետ, եւ խոստումնալից ստարտափները հնարավորություն կստանան ներկայացնել իրենց գաղափարները ֆինանսավորման համար։

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի եւ Cultivate ծրագրի համագործակցության շրջանակում նախատեսվում է նաեւ խոստումնալից ստարտափների մասնակցությունը Cultivate միջազգային ծրագրին, որն աջակցում է ագրոտեխնոլոգիական լուծումներ առաջարկող ստարտափներին ընդլայնել գործունեության շրջանակը։ 

Յուրաքանչյուր փուլի ավարտից հետո առավել խոստումնալից մասնակիցները կստանան մինչեւ $10,000 համարժեք դրամական պարգեւներ/դրամաշնորհներ։

ՄԱԶԾ ImpactAIM ANAU AgriTech ծրագիրն իրականացնում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ImpactAIM աքսելերատորը՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST), Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոնի, Nation in Action հարթակի հետ՝ Հայաստանի Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի եւ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ։