16:59 | 16.04.20 | Նորություններ | 2189

90 մլն դրամ՝ թոքերի արհեստական շնչառական սարքերի նախագծման համար

ՀՀ կառավարությունը 90 մլն դրամ կհատկացնի թոքերի արհեստական շնչառական սարքերի գաղափարների մասնագիտական ուսումնասիրության եւ նախագծման աշխատանքների իրականացման համար:

Գումարը որպես դրամաշնորհ կհատկացվի «Ինժեներական Ասոցիացիա» ՀԿ-ին՝ 2020 թ. պետբյուջեով «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի եւ շուկայի զարգացման ծրագիր» ծրագրի «Գաղափարից մինչեւ բիզնես» դրամաշնորհներ» միջոցառման համար նախատեսված միջոցներից:

Դրամաշնորհի շրջանակում «Ինժեներական Ասոցիացիա»-ն կուսումնասիրի ներկայացված գաղափարները, կապ կհաստատի հետաքրքրություն հայտնած անհատ ինժեներների, համալսարանական լաբորատորիաների, ինժեներական եւ արտադրական գործունեություն իրականացնող ընկերությունների հետ՝ քննարկելու ներկայացված համագործակցության առաջարկները, արտադրական գաղափարները եւ մասնագիտական հնարավորությունները:

Կկազմակերպվի ԹԱՇ սարքերի նախագծման, մակետային նախատիպի մշակման, մակետի լաբորատոր փորձարկումների իրականացման, համակարգի նախագծի շտկման, 5 օրինակ ինժեներական նմուշի մշակման, կոնստրուկտորական փաստաթղթերի ձեւավորման աշխատանքներ՝ ապահովելով արտադրական ամբողջական ցիկլին հասնելու գործընթացը:

Հիշեցնենք, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարել էր ԹԱՇ սարքավորումների նախագծման, իրականացման, ամբողջական կամ մասնակի արտադրության գաղափարների հավաքագրման գործընթաց, որի արդյունքում ստացվել է ավելի քան 280 հայտ եւ առաջարկ: