17:27 | 07.04.20 | Նորություններ | 1818

Facebook-ը COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում կհետեւի մարդկանց տեղաշարժին

Facebook-ը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներում մարդկանց տեղաշարժի քարտեզներ կպատրաստի՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում:

Ընկերությունում նշել են, որ տվյալները կտրամադրվեն դաշնային եւ տեղական իշխանություններին: Խոսքը գնում է ընդհանուր տեղեկություններ պարունակող քարտեզների մասին: Նշվում է, որ տրամադրված տեղեկատվությունը գաղտնի բնույթ կկրի:

Facebook-ում նշել են, որ նման նախաձեռնությունը իշխանություններին հնարավորություն կտա ավելի արդյունավետ վերահսկել սոցիալական տարածության պահպանման պահանջների կատարումը: Ստացված տեղեկատվության հիման վրա հնարավոր կլինի նաեւ հասկանալ, թե որքան լրջորեն են մարդիկ ընդունում իշխանությունների հորդորները՝ առանց ծայրահեղ անհրաժեշտության տանից դուրս չգալու մասին: Սա թույլ կտա նաեւ հասկանալ, թե որ նահանգներում են գրանցվում մարդկանց ամենաակտիվ տեղաշարժերը, ինչը COVID-19-ի տարածման սպառնալիք կարող է լինել:

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ եթե նախագիծը հաջողություն գրանցի, ապա ավելի մեծ տարածում կստանա: Նա տեղեկացրել է, որ ԱՄՆ-ում գործարկումից հետո, նախագիծը կտարածվի ամբողջ աշխարհում: