10:13 | 19.03.20 | Նորություններ | 1676

Արմեն Սարգսյանը ողջունել է հեռավար կրթության համակարգի ներդրման քայլերը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ստորագրել է «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքները:

Հիշյալ օրենքները, մասնավորապես, նպատակաուղղված են հեռավար (դիստանցիոն) կրթության համակարգի ներդրմանը:

«Նոր կորոնավիրուսի տարածմամբ եւ մեր երկրում արտակարգ իրավիճակի հայտարարմամբ պայմանավորված՝ պետությունը պարտադրված է գնալ մինչ այժմ չկիրառված կամ ոչ այնքան կիրառված քայլերի: Այդ շրջանակում է նաեւ անցումը հեռավար կրթության: Նախագահ Սարգսյանը ողջունում է այս օրենքների ընդունումը եւ կարեւորում հեռավար կրթության մոդելի ներդրումը:

Հեռավար ուսուցումը, որը հիմնված է տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների լայնածավալ կիրառման վրա, ներկայումս կարող է որոշակիորեն լուծել կրթական գործընթացում հայտարարված երկարատեւ դադարի խնդիրը, ինչպես նաեւ նպաստել կրթության հասանելիությանը: Ժամանակակից տեխնոլոգիաների եւ թվային լուծումների կիրառմամբ իրականացվող ուսուցումը կարեւոր քայլ է կրթական համակարգն առավել արդյունավետ ու ճկուն դարձնելու ուղղությամբ եւ մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ մեր կյանքի թվայնացումն այլընտրանք չունի», - ասված է նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: