10:19 | 09.03.20 | Նորություններ | 4858

Վարչապետ. «Թումո»-ն միջազգային ասպարեզում դարձել է Հայաստանի բրենդը

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է JHM հիմնադրամի հիմնադիր, բարերար Լիսա Գրիգորյանին եւ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գլխավոր գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանին:

Հյուրերը վարչապետին են ներկայացրել Հայաստանում երեխաների եւ պատանիների շրջանում տեխնոլոգիական կրթության ոլորտում նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները, մասնավորապես, Գյումրիում եւ հանրապետության մարզերի այլ քաղաքներում: Նրանք նշել են, որ այժմ ՀՀ կառավարության նկատմամբ ներդրողների մոտ առկա է վստահության բարձր մակարդակ՝ արդյունքում էլ կյանքի են կոչվում նման տարբեր ծրագրեր, ի հայտ են գալիս նորանոր նախաձեռնություններ:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը կարեւորում է JHM-ի եւ «Թումո»-ի կողմից իրականացվող ծրագրերը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ «Թումո»-ն միջազգային ասպարեզում դարձել է Հայաստանի բրենդը եւ կառավարությունն իր աջակցությունն է հայտնում առաջիկայում նախատեսվող ծրագրերին:

Վարչապետը հավելել է, որ «Թումո»-ի ծրագրերը համապատասխանում են կառավարության ապագայի տեսլականին եւ համահունչ են կրթության ոլորտում վերջինիս առաջնահերթություններին: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դրանք միտված են մասնագիտությունների վերամոդելավորմանը՝ շուկայի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով: «Կարեւոր է, որ ձեր ծրագրերը միայն բարեգործություն չեն, այլ ներդրում՝ ապագայի մեջ»,- ասել է կառավարության ղեկավարը: