14:22 | 06.03.20 | Նորություններ | 7522

Հայ հիմնադիրներ ունեցող Dexatel-ը՝ Եվրոպայի 1000 ամենաարագ աճող ընկերությունների շարքում

Հայ հիմնադիրներ ունեցող Dexatel ընկերությունը, որը հեռահաղորդակցության ոլորտում ծառայություններ է տրամադրում, ընդգրկվել է Եվրոպայի 1000 ամենաարագ աճող ընկերությունների վարկանիշում:

FT 1000 համակարգի եւ Statista հետազոտական ընկերության հրապարակած վարկանիշի համաձայն, ընկերությունը 2015-2018թթ. եկամտաբերության ամենաբարձր տարեկան ցուցանիշ արձանագրած ընկերությունների թվում է՝ զբաղեցնելով 273-րդ հորիզոնականը։

Վարկանիշի առաջատարը բրիտանական OakNorth Bank-ն է, որին հաջորդում են ֆինլանդական Wolt Enterprises-ը եւ էստոնական Bolt Technology-ն: Ի դեպ, վերջինիս համանուն ծառայությունն արդեն գործում է նաեւ Հայաստանում:

2015թ. հիմնադրված Dexatel-ն ունի գրասենյակներ Տալլինում (Էստոնիա) եւ Երեւանում: Ընկերության բիզնես հաճախորդների ցանկում են China Telecom-ը, SAP-ը, Paysera-ն, Vodafone-ը եւ Orange-ը: Միջազգային զանգեր, ռոումինգ, SMS hubbing, A2P messaging, Google RCS, Verified SMS եւ Whatsapp/Viber business messaging ծառայություններ տրամադրող Dexatel-ի թիրախում այն բիզնեսներն են, որոնք ցանկանում են կապ հաստատել եւ հաղորդակցվել իրենց հաճախորդների հետ։