11:27 | 06.03.20 | Նորություններ | 8877

Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ Ստեփանավանում ապրող Ջաղինյանները նոր բնակարան են տեղափոխվել

Ստեփանավանում ապրող Ջաղինյանների ընտանիքը Վիվա-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» բնակարանաշինության ծրագրի շրջանակում հինգ ամիս առաջ նոր բնակարան են տեղափոխվել:

11 տարի առաջ ամուսնուն կորցրած երիտասարդ կինը՝ Արմինե Մանուկյանը, 5 զավակ է մեծացրել աննկարագրելի վատ պայմաններում: 15 տարի առաջ գնված տունը դարձել է վթարային եւ փլուզման իրական վտանգ ներկայացրել:

«Այստեղ, զինվորական թաղամասի համար նախատեսված, մեկը մյուսին կպած տներ են եղել: Հարեւան տները քանդվել են, մերը մնացել է «օդից կախված»: Միակ պահողը փայտյա գերանն է եղել: Եթե ուժեղ քամու ժամանակ դա էլ ընկներ՝ տունը միանգամից «կիջներ»: Տարիների ընթացքում, ամեն ինչ քայքայվել էր, էլ ոչինչ չկար. ոչ նորմալ հատակ, ոչ պատուհան, ոչ դուռ: Անձրեւների ժամանակ, ջուրն առաստաղից կաթում էր: Տաշտեր, դույլեր եմ դրել, որ ջուրը ներս չլցվի: Շատ խոնավ էր: Այստեղ շատ վտանգավոր էր. թե՛ ցերեկը, թե՛ երեկոյան, թե՛ անձրեւների ու ձնհալի ժամանակ: Քնելու ժամանակ էլ վախեցել եմ, իսկ առավոտյան մտածել՝ էսօր էլ լուսացրեցինք վտանգավոր պայմաններում»,- ասել է ընտանիքի մայրը՝ Արմինեն:

Սկզբում ամուսնու ծնողների, հետո վթարային դարձած տանն ապրած Արմինեն, նոր բնակարանում գտել է իր եւ զավակների՝ հանգիստ ապրելու հնարավորությունը: Տան՝ կոսմետիկ հարդարման անհրաժեշտությունն էլ խնդիր չի համարում: Ընտանիքն արդեն նշել է առաջին Նոր տարին եւ վայելում է դրական փոփոխությունը:

Վիվա-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» համագործակցության արդյունքում, Լոռու մարզում 25 ընտանիքի տան խնդիր է լուծվել: