12:05 | 05.03.20 | Նորություններ | 9358
Խաղերի ստեղծմամբ զբաղվող աշխարհի առաջատար ընկերություններից Playrix-ը ձեռք է բերել խաղերի ստեղծմամբ զբաղվող հայաստանյան Plexonic ընկերությունը, որն այսուհետ կգործի Playrix Armenia անունով:
Նշվում է, որ Playrix Armenia-ն կգլխավորի Plexonic ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Գեւորգ Սարգսյանը:
Հայաստանյան թիմն արդեն սկսել է աշխատել նոր մոբայլ խաղի ստեղծման ուղղությամբ:
«Լինելով Հայաստանում մոբայլ խաղեր մշակող խոշորագույն խաղացողներից մեկը, շատ ոգևորված ենք խաղերի ստեղծման հայաստանյան շուկայում նոր հեռանկարներ բացելու համար՝ այս անգամ Playrix-ի հսկայական մասշտաբների և կարողությունների միջոցով»,- նշել է Գևորգ Սարգսյանը:
«Plexonic-ի տաղանդավոր թիմի հետ միասին մենք ընդլայնելու ենք կադրերի հավաքագրման ջանքերը՝ շուկայում լավագույն տաղանդներին գրավելու և բարձրորակ մոբայլ խաղեր ստեղծելու համար: Playrix Armenia-ն արդեն տարածաշրջանում խաղային խոշորագույն ընկերություն դառնալու ճանապարհին է»,- ասել է Playrix-ի համահիմնադիր Դմիտրի Բուխմանը:
Խաղերի ծրագրավորմամբ զբաղվող Plexonic ընկերությունը հիմնադրվել է 2008թ.՝ դառնալով Հայաստանում տեղակայված խաղային լուծումներ մշակող առաջին ստուդիան: Մինչ օրս այն ավելի քան 60 խաղ է նախագծել: Ամենահայտնիներից են՝ Panda Jam-ը, Paint Monsters-ը, Pet Savers-ը եւ Stretch-ը:
2004թ. Ռուսաստանում Իգոր եւ Դմիտրի Բուխմանների կողմից հիմնադրված Playrix-ը, որի կենտրոնակայանը գտնվում է Դուբլինում, աշխարհի հինգ առաջատար խաղաստեղծ ընկերություններից է: Playrix-ն ունի մասնաճյուղեր 10-ից ավել քաղաքներում, որտեղ աշխատում է, ընդհանուր առմամբ, 1000 մարդ: 2018թ. ընկերությունը հռչակվել է մոբայլ խաղերի աշխարհում ամենաշատ գումար վաստակող 10 ընկերություններից մեկը: