11:01 | 05.03.20 | Նորություններ | 2591

Արտավանում արդեն հասանելի են AR/VR լուծումները

Էկոտուրիզմի սիրահարներին Վայոց ձորի Արտավանը նորություններով է սպասում, գրում է Banks.am-ը:

Հարուստ կենսաբազմազանություն ու տպավորիչ լանդշաֆտներ ունեցող համայնքը նորագույն տեխնոլոգիաների օգնությամբ բարելավում է իր զբոսաշրջային ենթակառուցվածքները:

Զբոսաշրջիկներն արդեն վիրտուալ (VR) եւ լրացված իրականության (AR) պայմաններում կարող են ընտրել՝ որտեղ քայլարշավ անցկացնել ու ծանոթանալ տեղանքի կենսաբազմազանությանը:

Banks.am-ի հետ զրույցում «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ նախագահ Սարգիս Աղայանը պատմել է Արտավանում իրականացվող՝ «Վայոց Ձորի լեռնատափաստանային լանդշաֆտների պահպանությունը էկոտուրիզմի զարգացման միջոցով» ծրագրի ու առաջիկա անելիքների մասին:

AR/VR-ի մուտքն Արտավան

Նոր տեխնոլոգիաների մուտքն Արտավան էկոզբոսաշրջության կենտրոն դարձնելու փաթեթի մաս է կազմում: Առաջին անգամ է, որ Հայաստանում զբոսաշրջային տարածքները կահավորվել են AR պիտակներով եւ VR ակնոցներով:

Քայլարշավային արահետների տեղեկատվական ցուցանակներին փոխարինելու եկած AR պիտակների միջոցով զբոսաշրջիկը տեղեկություն կստանա տեղանքի պատմամշակութային ժառանգության, աճող բույսերի, բնակվող կենդանիների մասին, նաեւ կկարողանա ավելի հեշտ ու արագ կողմնորոշվել տարածքում:

Դրա համար անհարժեշտ է միայն սմարթֆոնում ունենալ ARLOOPA հավելվածն ու սքանավորել պիտակները, որոնք ավելի մանրամասն ինֆորմացիա կտան տեղանքում բնակվող բեզոարյան այծի, վարազի, եվրասիական լուսանի, գորշ արջի, եվրոպական այծյամի, բնության հուշարձան «Հայելի լճի», ինչպես նաեւ տարածքում անվտանգության կանոնները պահպանելու մասին:

Արտավանում գործող բոլոր հյուրատներում ու վրանատեղիում զբոսաշրջիկը կգտնի VR (վիրտուալ իրականություն) ակնոցներ, որոնց օգնությամբ 3D ձեւաչափով նախապես «կհայտնվի» զբոսաշրջային միջավայրում, կծանոթանա եւ կընտրի այցելության համար նախընտրելի տարածքը:

Այս տեխնոլոգիաները համայնքում ներդրվել են 2019-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Եվ չնայած նրան, որ դեռեւս քիչ թվով այցելուներ են հասցրել օգտվել դրանցից, արդեն բավական մեծ արձագանք կա:

Գործում է նաեւ «Արտավան՝ բնության արվեստը» երկլեզու կայքը, որտեղ մանրամասն ներկայացված են բոլոր ծառայություններն ու գնային առաջարկները:

Հոդվածն ամբողջությամբ հասանելի է սկզբնաղբյուրի կայքում: