16:02 | 12.02.20 | Նորություններ | 10467

Իջեւանում Ստարտափ ակումբ կգործի

Հայաստանի Ամերիկյան համալսարանի շարունակական կրթության բաժինը եւ Ստարտափ Արմենիա հիմնադրամի Ստարտափ ակումբ ծրագիրը փետրվարի 11-ին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում Տավուշի մարզի Իջեւան քաղաքում կգործի Ստարտափ ակումբ:

Ստարտափ ակումբը կրթական ծրագիր է, որի հիմնական նպատակն է օգնել մարզաբնակ պատանիներին կատարելագործել ձեռներեցության իրենց հմտությունները եւ նպաստել նրանց սոցիալական պատասխանատվության զարգացմանը։ Ակումբներն արդեն գործում են Հայաստանի մի շարք համայնքներում՝ Ապարանում, Աշտարակում, Եղվարդում, Գավառում, սահմանամերձ Կոթի ու Այգեհովիտ համայնքներում, ինչպես նաեւ շուտով Իջեւանում։

Ըստ փոխըմբռնման հուշագրի՝ Ստարտափ ակումբի կրթական ծրագրի առաջին փուլը կմեկնարկի 2020թ. մարտի 1-ից, հանդիպումները կանցկացվեն Իջեւան քաղաքում գտնվող Հայաստանի Ամերիկյան համալսարանի գրասենյակում։

Ծրագրին կարող են մասնակցել ստարտափ մշակույթով հետաքրքրված 13-17 տարեկան պատանիները, որոնք հնարավորություն կունենան ծանոթանալու անձնական զարգացման, գործարար հաղորդակցման եւ թվային գրագիտության հիմունքներին։

«Հայաստանում Ամերիկյան համալսարանի հետ համագործակցությունը մեզ հնարավորություն կտա ընդլայնել մեր գործունեությունը եւ Ստարտափ ակումբը ներկայացնել նոր լսարանների։ Այս համաձայնության արդյունքում ստեղծված ակումբը կխթանի Իջեւանում եւ հարակից շրջաններում բնակվող պատանիների ներգրավվածությունը ստարտափ մշակույթի մեջ, կնպաստի նրանց սոցիալական զարգացմանը»,- նշել է Ստարտափ Արմենիա հիմնադրամի տնօրեն Արսեն Հարությունյանը:

«Հայաստանի Ամերիկյան համալսարանի շարունակական կրթության բաժինը ձգտում է որակյալ կրթությունը հասանելի դարձնել բոլորի համար։ Մենք նպատակադրված ենք ստեղծել որակյալ աշխատուժ եւ աջակցել զարգացող ընկերություններին ճշգրիտ համակարգերի եւ գործնական դասընթացների միջոցով։ Մենք հավատում ենք, որ երիտասարդության ներուժը բացահայտելու լավագույն եղանակներից են իրենց գաղափարները կյանքի կոչել եւ ձեռներեցության ոլորտում առաջին քայլեր անել սովորեցնելն է»,- ասել է Հայաստանում Ամերիկյան համալսարանի շարունակական կրթության բաժնի ղեկավար Լուսինե Հեյզը: