16:51 | 30.01.20 | Նորություններ | 16605
«Էկո գյուղերի ցանց» ծրագրի շրջանակներում, արդիականացվել է Հրազդանի լուսավորության համակարգը: Քաղաքի խնդիրը գործընկեր կառույցների՝ Վիվա-ՄՏՍ-ի եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ուշադրության կենտրոնում է հայտնվել 2019թ.:
Իրականացված աշխատանքների շնորհիվ, այս տարի արդեն, քաղաքի Սահմանադրության հրապարակում, շատրվաններով պուրակում եւ հարակից կենտրոնական փողոցներում էական փոփոխություն է արձանագրվել: Ցածր լուսատվությամբ ու ավելի ծախսատար՝ լյումինեսցենտ լամպերով աշխատող լուսարձակները փոխարինվել են ժամանակակից լուսադիոդային (LED) լուսարձակներով:
Նախկին՝ 105 եւ 150 Վտ հզորությամբ թվով 101 լուսարձակները փոխարինվել են 60 եւ 80 Վտ հզորությամբ լուսադիոդային (LED) լուսարձակներով: Նախնական հաշվարկներով, դրա արդյունքում շոշափելի խնայողություն կլինի: Մեկ ժամում կտնտեսվի 5,2 ԿՎտ էլեկտրաէներգիա, ինչը դրամային հաշվարկով մեկ տարվա կտրվածքով կկազմի շուրջ կես միլիոն դրամ: Համայնքային բյուջեի զգալի խնայողություն կլինի նաեւ լուսադիոդային (LED) լուսարձակների «երկարակեցության» հաշվին: Շահագործման ընթացքում շարքից շուտ դուրս եկող նախկին լամպերի հաճախակի փոխարինման անհրաժեշտություն այլեւս չի լինի:
Ժամանակակից համակարգի գործարկմանը մասնակցել են Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, Հրազդան համայնքի ղեկավար Սեւակ Միքայելյանն ու համայնքի բնակիչներ:
«Միշտ կարեւոր ենք համարել այն ծրագրերը, որոնք ապահովում են երկարաժամկետ արդյունավետություն: Նոր տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող՝ լուսավորության ծրագիրը դրանցից մեկն է: Այն թույլ է տալիս համայնքներում կրճատել ավելորդ ծախսերը, ապահովել ավելի լավ լուսավորություն եւ առավել արդյունավետ ծախսել բյուջետային միջոցները: Լուսավորության արդիականացված համակարգի մյուս առավելությունը բնապահպանական տեսանկյունից արդարացված լինելն է: Համայնքների ոչ միայն ուղղակի, այլեւ համաչափ զարգացումը եղել եւ մնում է մեր ուշադրության կենտրոնում»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Բնապահպանական եւ էներգաարդյունավետ LED լուսարձակները սպառում են 80%-ով պակաս էլեկտրաէներգիա եւ ծառայում են շուրջ 50 անգամ ավելի երկար: Ամռան ամիսներին փողոցները կլուսավորվեն 21:00-ից մինչեւ 01:00-ը, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչեւ 01:00-ը: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշերվա ընթացքում:
Շրջակա միջավայրի պահպանման, էներգախնայողության բարձրացման եւ համայնքային զարգացման համար, տարիների գործընկերները՝ Վիվա-ՄՏՍ-ն ու FPWC-ն, չափազանց կարեւոր են համարում նորագույն տեխնոլոգիաների կիրառումը: