17:22 | 20.01.20 | Նորություններ | 2656

Thales Group. Հայաստանն ունի բարձրակարգ մարդկային կապիտալ եւ տեխնոլոգիական հիմք

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Ցյուրիխում հանդիպել է աշխարհի առաջատար տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ ֆրանսիական Thales Group-ի՝ միջազգային զարգացման հարցերով Լատինական Ամերիկայում եւ Եվրասիայում գլխավոր փոխնախագահ Հերվե Դեմանի եւ ընկերության նախկին փոխնախագահ Ռաֆայել Էսկինազի հետ։

Զրուցակիցները շարունակել են ընկերության ղեկավարության հետ նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների եւ համագործակցության հավանական ուղղությունների շուրջ քննարկումները:

Նրանք անդրադարձել են նորագույն տեխնոլոգիաների ոլորտում գործակցությանը, մասնավորապես, արհեստական բանականության, թվային տվյալների կառավարման եւ մի շարք այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը:

Ընդգծելով Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների եւ գիտության զարգացմանն ուղղված՝ նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում համագործակցության իրենց պատրաստակամությունը` ընկերության ներկայացուցիչներն ասել են, որ Հայաստանը ունի բարձրակարգ մարդկային կապիտալ, լավ կրթական ու տեխնոլոգիական հիմքեր, ինչը Thales-ի նման ընկերության համար շատ կարեւոր է եւ ամուր հիմք է ստեղծում արդյունավետ համագործակցության համար:

«Thales Group» ընկերությունը գործունեություն է ծավալում աշխարհի տարբեր երկրներում եւ զբաղվում էլեկտրական համակարգերի նախագծմամբ ու կառուցմամբ, ծառայություններ ապահովում ավիացիոն-տիեզերական, պաշտպանական, տրանսպորտային եւ անվտանգության շուկաներում: