15:15 | 17.01.20 | Նորություններ | 15872

Վիվա-ՄՏՍ. ընկերության տարբերանշանը փոխվել է

Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հայտարարել է, որ ընկերությունը սկսել է կորպորատիվ տարբերանշանի նորացման գործընթաց:

Փոփոխվում են ընկերության տարբերանշանի՝ լոգոյի, բաղադրիչ մաս կազմող գրառումները. «Cell» բաղադրիչը տարբերանշանից դուրս է գալիս, եւ նոր տարբերակում պահպանվում են միայն «Viva» եւ «MTS» հատվածները, ինչն արտահայտում է ընկերության՝ թվային ծառայությունների եւ առաջարկների ստեղծմանն ուղղված նոր ռազմավարությունը: Այս մոտեցմանը համահունչ փոփոխվում է նաեւ «Viva» գրառման գրաֆիկական տեսքը:

«Մենք փոխում ենք մեր ընկերության տարբերանշանը: Չէ՞ որ տարբերանշանը՝ լոգոն, պետք է համապատասխանի այն ամենին, ինչ ընկերությունն անում է, պետք է համապատասխանի ընկերություն ինքնությանը», - նշել է Վիվա-ՄՏՍ-ի տնօրենը:

Տարբերանշանի ոճային փոփոխությունը նաեւ շեշտադրում է ընկերության ռազմավարական ուղղվածությունը դեպի երիտասարդությունն ու դեպի թվային աշխարհը՝ գունեղ, համարձակ ու կենսախինդ:

«Բոլորիս համար տարիների ընթացքում հարազատ դարձած Վիվան, մեր ինքնության հիմքն ու խորհրդանիշը, մնացել են անփոփոխ: «Cell»-ը, որ նշանակում է բջիջ, եւ խորհրդանշում է բջջային կապի ծառայությունները, այսինքն՝ այն, ինչ մենք միշտ մատուցել ենք: Այսպիսով, շարունակելով մատուցել հեռահաղորդակցության ծառայություններ՝ անցում ենք կատարում դեպի թվային (digital) բազմաթիվ ծառայություններ տրամադրող ընկերություն», - պարզաբանել է Ռալֆ Յիրիկյանը:

Նորացված ոճը կոչված է ընդգծելու, որ Վիվա-ՄՏՍ-ն այսօր շուկայում առաջարկում է շատ ավելին, քան պարզապես ձայնային ու տվյալների փոխանցման ծառայություններն են, այդ թվում նաեւ՝ մի շարք խաղային, զվարճալիքային, ուսուցողական հավելվածներ, էլեկտրոնային դրամապանակ, բջջային հեռուստատեսություն, ամպային ծառայություններ եւ օգտակար լուծումներ բիզնեսի ու ֆինանսների արդյունավետ կառավարման համար, եւ այլն:

Ներկայումս Վիվա-ՄՏՍ-ը փոխակերպման փուլում է՝ հեռահաղորդակցության օպերատորից դեպի թվային համալիր ծառայություններ առաջարկող ընկերություն: Գլխավոր տնօրենի խոսքով՝ դա համահունչ է ոլորտի զարգացման համաշխարհային միտումներին, ինչպես նաեւ՝ բաժանորդների աճող կարիքներին ու ակնկալիքներին: