16:27 | 11.12.19 | Նորություններ | 2392

«Հիմնարկ»-ը ներդրում է ստացել BANA-ի բիզնես հրեշտակներից

«Հիմնարկ» հայկական ընկերությունը հայտարարել է միջազգային բիզնես հրեշտակներից ներդրումների ներգրավման երկրորդ փուլի մասին։

Business Angel Network of Armenia-ի ներդրումն օգտագործվելու է «Հիմնարկ Մարդիկ» նորարար համակարգի հետագա զարգացման համար։ Թիմը BANA-ից առաջին ներդրումը ստացել է 2018թ. նոյեմբերին։

Ընկերության համահիմնադիրներն են Ռուբեն Օսիպյանն ու Սմբատ Պետրոսյանը։ Թիմը մշակում է փոքր եւ միջին ձեռնարկությունների վարչական գործառույթների ավտոմատացման արդի լուծումներ՝ օգնելով գործարարներին ազատվել առօրյա ձանձրալի անելիքներից եւ վայելել ստեղծագործ աշխատանքի հաճույքը։

«Հիմնարկ»-ի տնօրեն Ռուբեն Օսիպյանը կարեւորել է ներդրման այս փուլը: «Հատկանշական է, որ մեզ միացան միջազգային ու բազմափորձ բիզնես հրեշտակներ, որոնք եկել են երկարաժամկետ տեսլականով՝ օգնելու հաջողության հասնել Հայաստանում, այնուհետեւ տարածվել դեպի այլ երկրներ»։

Հայկական ստարտափի առաջին լուծումը «Հիմնարկ Մարդիկ» առցանց համակարգն է՝ մշակված հայկական փոքր ու միջին ձեռնարկությունների համար, ինչի շնորհիվ հաճախորդները կարող են արագ, պարզ ու անսխալ վարել կադրային գործավարությունն ու աշխատավարձի հաշվարկը։

«Առաջին ներդրումից հետո թիմը հասավ զարգացման այն փուլին, որն անհրաժեշտ էր նոր ներդրումների ներգրավման արագ աճն ապահովելու համար։ Երկրորդ փուլի ներդրմանը մասնակցեցին ինչպես առաջին փուլի, այնպես էլ BANA-ին միացած նոր ներդրողները։ Այժմ «Հիմնարկ»-ը լավ հնարավորություն ունի օգտագործելու փորձառու մասնագետների գիտելիքն ու փորձը՝ ընդլայնելու իր արտադրանքը»,- նշել է BANA-ի ղեկավար Գրիգոր Հովհաննիսյանը:

Նա տեղեկացրել է, որ երկրորդ փուլում ընկերությունում ներդրում է կատարել 8 բիզնես-հրեշտակ, այդ թվում՝ Նիդերլանդներից, Ռուսաստանից, Ռումինիայից.

«Հոլանդացի նոր ներդրողը Եվրոպայում խոշոր Software ոլորտի ընկերության ղեկավար է, որը մատակարար է բազմաթիվ ձեռնարկությունների համար։ Տեսնելով «Հիմնարկ»-ի ստեղծած հարթակի պոտենցիալը, նա վստահ է, որ այն օգտակար ու հետաքրքրիր կլինի եվրոպական շուկայում»,- հավելել է Գրիգոր Հովհաննիսյանը։

BANA-ի՝ Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի անդամները հայ եւ այլազգի գործարարներ են, որոնք հետաքրքրված են ստարտափ թիմերում ներդրումներ անելով։ Ֆինանսական կապիտալից բացի, բիզնես հրեշտակներն իրենց փորձը փոխանցում են նորաստեղծ ընկերությունների թիմերին, տրամադրում են անհրաժեշտ ռեսուրսներ եւ օգնում հաջողության հասնել միջազգային շուկայում։