11:15 | 11.12.19 | Նորություններ | 2374
Հայաստանը 2019-ի երրորդ եռամսյակում աշխարհի երկրների շարքում 9-րդ տեղն է գրավել` մոբայլ բանկային տրոյական ծրագրերի գրոհների ենթարկված օգտատերերի բաժնի ցուցանիշով։
Այն կազմել է 0,1% եւ չի փոփոխվել երկրորդ եռամսյակի համեմատ։ Եթե այդ վնասաբեր ծրագրերը 2019-ի երկրորդ եռամսյակում գրոհել են Վրաստանի օգտատերերի 0,08%-ին, ապա երրորդ եռամսյակում այդ ցուցանիշը նվազել է մինչեւ 0,06%։
Այդ ցուցանիշներն Ադրբեջանում կազմել են, համապատասխանաբար, 0,07% եւ 0,08%։ Հուլիս-սեպտեմբերին մոբայլ բանկային տրոյական ծրագրերն ամենից շատ գրոհել են ռուսաստանցի օգտատերերին՝ 0,30%։
2019-ի երրորդ եռամսյակում Հայաստանում մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհների ենթարկվել է օգտատերերի 1,86%-ը, Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 1,17, իսկ Ադրբեջանում՝ 3,8%։ Երկրորդ եռամսյակում դրանք գրոհել են հայաստանցի օգտատերերի 2,08%-ին, Վրաստանում՝1,67, եւ Ադրբեջանում՝ 4,05%-ին։ Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն, հուլիս-սեպտեմբերին մոբայլ սպառնալիքներն ամենից շատ գրոհել են Իրանի օգտատերերին՝ 52,68%.
Մոբայլ վնասաբեր ծրագրերից պաշտպանության համար փորձագետների կողմից առաջարկվող միջոցներից են միայն վստահելի աղբյուրներից հավելվածներ ներբեռնելը եւ սարքի կարգավորումներում կողմնակի աղբյուրներից ծրագրերի տեղադրման հնարավորությունն անջատելը, ինչպես նաեւ համակարգը եւ հավելվածները մինչեւ արդիական տարբերակներ մշտապես նորացնելը։
Խորհուրդ է տրվում չանցնել ոչ վստահելի հղումներով եւ չբացել կասկածելի ֆայլերը SMS-ներում, էլեկտրոնային փոստում, մեսենջերներում, սոցիալական ցանցերում եւ բրաուզերներում։
Մոբայլ օգտատերերը համացանցում պետք է զերծ մնան որեւէ մեկին անհատական եւ բանկային տվյալներ տրամադրելուց, հատկապես նրանց, ովքեր «խնդրում են» դա անել ի պատասխան «շահավետ» առաջարկների։ Իսկ ցանկացած տրոյացուց եւ այլ վնասաբեր ծրագրերից պաշտպանվելու համար անհրաժեշտ է տեղադրել հուսալի հակավիրուս, որը կկանխարգելի դրանց տեղադրումը եւ վնասաբեր կայքեր այցելությունը։