16:03 | 10.12.19 | Նորություններ | 2640

Cisco-ի ներկայացուցիչները Երեւանում քննարկել են համագործակցության հնարավորությունները

ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանն այսօր ընդունել է «Cisco» ընկերության պատվիրակությանը՝ ԱՊՀ տարածաշրջանային ղեկավար Սերգեյ Մարտինչուկի գլխավորությամբ։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Սերգեյ Մարտինչուկը ներկայացրել է ընկերության գործունեությունը, որը ծավալվում է տեխնոլոգիական տարբեր ուղղություններով՝ թվայնացում, կիբեռանվտանգություն, տվյալների մշակում: Նշվել է նաեւ, որ ունեն գործունեության մեծ փորձ եւ կարեւոր են համարում Հայաստանի հետ փոխշահավետ գործակցության ընդլայնումը։

Արմեն Աբրոյանը ներկայացրել է նախարարության հիմնական ուղղվածությունները՝ շեշտը դնելով թվայնացման, մասնագիտական կրթության ոլորտի քաղաքականության եւ թվային օրակարգի ձեւավորման վրա, մանրամասնել է այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության, փորձի փոխանակման մի շարք տարբերակներ։ Մասնավորապես, լայնաշերտ կապի՝ 5G եւ իրերի ինտերնետի ներդրման, կիբեռանվտանգության, էկոհամակարգի զարգացմանն ուղղված գործունեության, տեխնոլոգիական կրթական ծրագրերում փոխգործակցության հնարավորությունները։

Պայմանավորածություն է ձեռք բերվել համագործակցել 3 հիմնական ուղղություններով՝ կիբեռանվտանգության եւ տվյալների մշակման կենտրոնների ստեղծման, տեխնոլոգիական ոլորտի տարբեր մակարդակի մասնագետների համար դասընթացներ կազմակերպելու շուրջ։