14:24 | 10.12.19 | Նորություններ | 8126
Հայաստանում Beeline-ը եւ «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը հայտարարում են «Ստարտափ ակումբներ» նախագծի գործարկման մասին:
«Ստարտափ ակումբ»-ը կրթական նախաձեռնություն է, որի հիմնական նպատակն է օգնել մարզերում բնակվող պատանիներին բացահայտել ձեռներեցության իրենց հմտությունները եւ նպաստել նրանց սոցիալական պատասխանատվության զարգացմանը։
Ակումբները կգործեն Հայաստանի մի շարք համայնքներում՝ Ապարանում, Աշտարակում, Եղվարդում, Գավառում եւ սահմանամերձ Կոթիում ու Այգեհովիտում։
Ծրագրի մասնակիցները տարբեր նախասիրություններ ունեցող եւ ստարտափ մշակույթով հետաքրքրված 13-17 տարեկան շուրջ 150 պատանիներ են, ովքեր հնարավորություն են ստանալու նաեւ մասնակցելու տարածաշրջանի ստարտափ էկոհամակարգի խոշոր իրադարձություններից մեկին` «Սեւան ստարտափ սամմիթ» 2020-ին։
«Մենք առաջին տարին չէ, որ իրականացնում ենք Հայաստանում ստարտափ էկոհամակարգի զարգացմանը եւ երիտասարդների թվային գրագիտության բարձրացմանն ուղղված նախագծեր: Այս նախաձեռնությամբ այդ երկու խնդիրն էլ լուծում ենք միանգամից, քանի որ մեր պատանիները կստանան թե՛ թվային հմտություններ, թե՛ ներկա ժամանակներում բիզնես վարելուհամար անհրաժեշտ գիտելիքներ»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Ստարտափ ակումբները հնարավորություն կտան պատանիներին հասկանալու, որ հնարավոր է հենց իրենց գյուղում, քաղաքում մնալով մասնակից դառնալ համաշխարհային տենդենցներին, ստարտափ գաղափարներ ստեղծել, դրանք իրականացնել, եւ՛ եկամուտներ ունենալ, եւ՛ ուրիշների կյանքը բարելավել»,- ընդգծել է ծրագրի գլխավոր տնօրեն Արսեն Հարությունյանը։
Ստարտափ ակումբը շեշտը դնում է մարզերի երիտասարդության զորեղացման, նրանց սոցիալական ներգրավվածության վրա։ Հայաստանում Beeline-ը ծրագրի շրջանակում հանդես է գալիս որպես ռազմավարական գործընկեր: