10:52 | 10.12.19 | Նորություններ | 1940
ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին։
Հակոբ Արշակյանն անդրադարձել է երկու երկրների միջեւ համագործակցությանը, տեխնոլոգիական ոլորտում Լիտվայի գրանցած հաջողություններին, ներկայացրել նախարարության գործունեության ուղղությունները։
Դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, խոսել ժողովրդավարության հաղթանակի համատեքստում երկու երկրների պայքարի եւ առաջընթացի մասին։ Դեսպանը նախարարին ներկայացրել է Լիտվայի տեխնոլոգիական ոլորտի ձեռքբերումները, անդրադարձել Հայաստանի հետ համագործակցության հնարավորություններին։ Նա նշել է, որ Լիտվան հետաքրքրված է տեխնոլոգիական կրթության ոլորտի հայկական փորձով, հատկապես «Թումոյի» գործունեությամբ, եւ ցանկություն ունի այն ներդնելու իրենց երկրում։ Դեսպանն անդրադարձել է նաեւ երկու երկրների միջեւ ռոումինգի սակագնի նվազեցման հնարավորությանը։
Հակոբ Արշակյանը մանրամասներ է ներկայացրել տեխնոլոգիական կրթության հայկական մոդելի վերաբերյալ, նշել, որ այն սկսում ենք դպրոցից, հետո՝ բուհ ու արտադրություն: Նախարարը խոսել է կրթական տեխնոլոգիաների ուղղությամբ փորձի փոխանակման կարեւորության մասին եւ պատրաստակամություն է հայտնել օգնել կիրառել Հայաստանում ստեղծված կրթական տեխնոլոգիաները։
Նախարարն անդրադարձել է նաեւ ստարտափների զարգացմանն ուղղված քաղաքականությանը, «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրին, որի նպատակն է՝ ցանկացած ընկերության հնարավորություն տալ հայկական սփյուռքի եւ «Հայկական վիրտուալ կամուրջ»-ի օգնությամբ ուղիղ կապ ունենալ աշխարհի շուկաների եւ աշխարհի էկոհամակարգային բաղադրիչների հետ: Հակոբ Արշակյանը տեղեկացրել է նաեւ, որ այս ծրագրի շրջանակներում Սիլիկոնյան հովտում Հայաստանը կունենա իր անկյունը, որտեղ հայ ձեռներեցները բիզնեսի դասընթացներ կստանան: Նախարարը նշել է նաեւ, որ հետագայում լիտվական ընկերությունները նույնպես կարող են օգտվել ծրագրի ընձեռած հնարավորություններից՝ իրենց մասնաճյուղերը գրանցելով Հայստանում:
Երկկողմ փոխգործակցության զարգացման տեսանկյունից զրուցակիցները հեռանկարային են համարել նաեւ երկուստեք էքսպո ցուցահանդեսներին մասնակցությունը: Նախարարը դեսպանին առաջարկել է կազմակերպել լիտվական ընկերությունների մասնակցությունը «Digitec EXPO 2020» եւ «ArmHighTech EXPO» ցուցահանդեսներին։