14:11 | 02.12.19 | Նորություններ | 6565
Նոյեմբերի 30-ին Երեւանում անցկացվել է ամենամյա JavaScript Conference Armenia 2019 ամենամյա միջոցառումը, որը միավորել է ՏՏ ոլորտի 1000-ից ավելի մասնագետների ու ընկերությունների՝ Հայաստանից եւ արտերկրից։
Կոնֆերանսի շրջանակում անցկացվել են դասախոսություններ, գործնական դասեր ու մասնագիտական մրցույթներ։ Ֆինանսների, առողջապահության, տուրիզմի, մեդիայի եւ ինտերնետ իրերի (IoT) ոլորտում ՏՏ լուծումներ առաջարկող DataArt-ի հայաստանյան գրասենյակը համաժողովի ոսկե հովանավորներից մեկն էր:
DataArt-ի զարգացման ղեկավար (Development Lead) Ռոման Ենիկեեւը JS Conf Armenia 2019-ի շրջանակում հանդես է եկել ելույթով: Նա խոսել է AngularJS-ի եւ դրա պրակտիկ օգտագործման մասին:
Itel.am-ի հետ զրույցում Ռոմանն ասել է, որ սա իր առաջին այցն էր Հայաստան:
«Մի փոքր ծանոթ եմ երկրի պատմությանը եւ ուրախ կլինեմ կրկին այցելել: Կոնֆերանսին մասնակցում էին բավական փորձառու խոսնակներ, հետեւաբար մասնակցությունը յուրաքանչյուրին կարող էր տալ բավական շատ տեղեկատվություն՝ թեմային առնչվող տարբեր հարցերի շուրջ»,- պատմել է նա:
Ռոմանի խոսքով, DataArt-ի հայաստանյան գրասենյակը բավական ակտիվ ներառված է ընկերության աշխատանքներում:
«DataArt-ում աշխատում եմ արդեն 9 տարի, այստեղ ինձ հարմար է աշխատել, քանի որ ընկերության գաղափարախոսության հիմքում է մարդուն առաջին տեղում դնելը: Եթե աշխատակիցները ցանկանում են այլ տեխնոլոգիաներ փորձարկել կամ իրենց այլ դերերում տեսնել, ապա DataArt-ը տալիս է այդ հնարավորությունը: Ինքս էլ այս տարիների ընթացքում ինձ տարբեր պաշտոններում եմ փորձել՝ ավագ ծրագրավորողից մինչեւ մենեջեր»,- ընդգծել է Ռոման Ենիկեեւը:
DataArt-ի հայաստանյան գրասենյակի մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավար Իշխան Մարգարյանն էլ նշել է, որ JavaScript Conference Armenia 2019-ին մասնակցության նպատակն էր ծանոթանալ տաղանդավոր մասնագետների հետ եւ հետագայում համագործակցության եզրեր գտնել:
«Կոնֆերանսին որպես ավանդույթ լավ նվերներով էինք գնացել, բայց դրանք ստանալու համար մասնակիցները պետք է մասնակցեին Skillotron թեստային հարթակի հետ մեր համատեղ մրցույթին: Մեր ներկայությունը նաեւ կարեւոր էր, քանի որ ցանկանում ենք մեր ներդրումն ունենալ համայնքի ձեւավորման հարցում. սա DataArt-ում բարի ավանդույթ է, որը ներկայում փորձում ենք տեղայնացնել»,- ասել է նա:
Նրա խոսքով, JavaScript Conference Armenia-ին արտերկրից մեծ թվով խոսնակներ են մասնակցել, նպաստելով Հայաստանի՝ որպես տեխնոլոգիական կենտրոնի մասին ճանաչվածության բարձրացմանը:
DataArt ընկերությունը ստեղծում, մշակում եւ զարգացնում է յուրահատուկ ծրագրային լուծումներ, որոնք օգնում են հաճախորդներին զարգացնել իրենց բիզնեսը տարբեր ոլորտներում:
22 տարի գործող DataArt-ը մասնաճյուղեր ունի ավելի քան 20 երկրում՝ այդ թվում՝ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Արգենտինայում եւ այլն։ Դրանց շարքին ամիսներ առաջ ավելացել է նաեւ Հայաստանի գրասենյակը: