17:30 | 28.11.19 | Նորություններ | 2353

Gmoji Business-ը` նոր հաճախորդներ ներգրավելու արդյունավետ գործիք

Gmoji-ի հայաստանյան թիմը, որն այս տարվա սեպտեմբերին գործարկեց մեսենջերների եւ սոցիալական ցանցերի միջոցով նվերներ ուղարկելու ծառայությունը, այսօր հայտարարել է B2B2C ուղղության գործարկման մեկնարկի մասին:

Ծրագրի շրջանակներում թիմը կներկայացնի հաճախորդների հավատարմությունը բարձրացնելու, նոր հաճախորդներ ներգրավելու, աշխատակիցներին եւ հաճախորդներին նվերներ ուղարկելու, ինչպես նաեւ promo ակցիաներ իրականացնելու նոր գործիքներ եւ հնարավորություններ:

Մինչեւ 2020թ. գարուն, ծառայությունը կգործի բետա տարբերակով, սակայն բոլոր գործիքները հասանելի կլինեն ընկերության գործընկերների համար:

Gmoji Business-ի հիմնական մրցակցային առավելություններից է սեփական ապրանքներն ու ծառայությունները նոր էլեկտրոնային տարբերակով (Gmoji) ստեղծելու եւ հետագայում SMS հաղորդագրությունների կամ էլ.փոստի միջոցով ուղարկելու հնարավորությունը: Հնարավոր է նաեւ ապրանքները վաճառել այլ ընկերությունների, որոնք կարող են օգտագործել դրանք որպես գործընկերների եւ հաճախորդների համար նվերներ:

Արդյունքում, ընկերությունը հնարավորություն է ստանում կատարել թիրախավորված եւ անհատական նվերների առաքում նոր թվային տարբերակով եւ կրճատում է աշխատակիցների ու հաճախորդների նվերների փաթեթավորման եւ առաքման ծախսերը, ինչն ինքնին նվերի արժեքի զգալի մասն է կազմում:

«Հայաստանում կորպորատիվ նվերների շուկան տարեկան աճում է մոտ 10%-ով: Հաշվի առնելով, որ նվերի միջին գինը տատանվում է 1000-20,000 դրամ, կախված բիզնեսի ուղղվածությունից եւ ընկերության չափից, բոլոր ընկերությունների համար ստեղծվում է հսկայական պոտենցիալով խոստումնալից շուկա: Մենք շուկային տալիս ենք նոր հաճախորդներ ներգրավելու արդյունավետ գործիք»,- ընդգծել է Gmoji ընկերության հիմնադիր Արա Յաղջյանը:


«Այս պահի դրությամբ մենք բանակցում ենք Հայաստանի խոշոր ընկերությունների հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել մասնակցել թեստային փորձարկմանը»,- նշել է ընկերության տնօրեն Լիանա Ավագյանը:


Gmoji-ի ստեղծման գաղափարը ծագել է դեռեւս 5 տարի առաջ: Այս ընթացքում ստեղծվել են էսքիզներ, բեք-էնդ եւ բետա-տարբերակ, հավելվածի եւ ստեղնաշարի նախատիպ: Հիմնադիրներն են Նիկոլայ Վակորինը եւ Ռոման Կնելլերը:

Gmoji նախագծում աշխատել են ավելի քան 200 մասնագետ եւ խորհրդատու: Ներկայումս ընկերությունը համագործակցում է տասնյակ միջազգային ապրանքանիշերի եւ գլոբալ ցանցերի հետ եւ գործում է ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում, Թուրքիայում, Ուզբեկստանում եւ մի շարք այլ երկրներում: Այժմ Gmoji-ն փնտրում է գործընկերներ Եվրոպայում եւ Ասիայում:

«Ջիմոջի ԷյԷմ» ՍՊԸ-ն ստեղծվել է 8 ամիս առաջ եւ դասվում է այն ընկերությունների շարքին, որոնց հիմնադիրն է գործարար Արա Յաղջյանը: Ընկերությունը ձեռք է բերել ծառայության եւ ապրանքային նշանի օգտագործման բոլոր իրավունքները, ինչպես նաեւ տեղայնացրել է հավելվածը, հաշվի առնելով տեղական շուկայի բոլոր առանձնահատկությունները:

Հավելվածը հասանելի է App Store-ում եւ Google Play-ում: