16:42 | 25.09.19 | Նորություններ | 4607

Gmoji հավելված`ուղարկել իրական նվերներ անմիջապես մեսենջերում

Սեպտեմբերի 25-ին «Ջիմոջի ԷյԷմ» ՍՊԸ-ն ներկայացրեց Gmoji հավելվածը, որը թույլ է տալիս սթիքերների տեսքով նվերները փոխանակել իրական ապրանքների եւ ծառայությունների հետ:

Հավելվածում սովորական էմոջիները դառնում են ապրանքներ եւ ծառայություններ, որոնք հնարավոր է ուղարկել ցանկացած մեսենջերի միջոցով:

«Ջիմոջի ԷյԷմ» ՍՊԸ-ն ստեղծվել է 6 ամիս առաջ եւ պատկանում է այն ընկերությունների թվին, որոնց հիմնադիրն է գործարար Արա Յաղջյանը:

Ընկերությունը ստացել է տվյալ ծառայության եւ ապրանքանիշի օգտագործման բոլոր իրավունքները, ինչպես նաեւ իրականացրել է հավելվածի տեղայնացում՝ հաշվի առնելով տեղական շուկայի բոլոր առանձնահատկությունները: Հավելվածը հասանելի է App Store-ում եւ Google Play-ում:

Ծառայությունից օգտվելու համար հարկավոր է ներբեռնել Gmoji հավելվածը, թույլ տալ հավելվածին ստանալ Ձեր գտնվելու վայրի մասին տեղեկատվություն, կցել բանկային քարտը, սովորական կարգավորումների միջոցով ավելացնել Gmoji ստեղնաշարը, ընտրել անհրաժեշտ ապրանքը եւ մեկ հպումով ուղարկել այն, ինչպես ուղարկում են սովորական էմոջիները:

Ապրանքի գնին համարժեք գումարը կգանձվի ուղարկողի քարտից եւ նա կստանա վճարման վերաբերյալ էլեկտրոնային անդորրագիր, իսկ ստացողը մի քանի վայրկյան անց իր մեսենջերում կտեսնի նվերը եւ կկարողանա ստանալ այն՝ կա՛մ այցելելով ցանկացած մոտակա կետ եւ աշխատակցին ցույց տալով ծածկագիրը, կա՛մ պատվիրելով առաքում, եթե տվյալ գործընկերը տրամադրում է այդ ծառայությունը:

«Նվերների «ստացման» մոտակա կետի հասցեն իմանալը շատ հեշտ է՝ նվերի հետ բեռնվում է նաեւ աշխարհագրական քարտեզ: Այսպիսի «ստացման» կետեր կարող են հանդիսանալ ռեստորանները, սրճարանները, խանութները, գեղեցկության սրահները, ավտոլվացման կետերը եւ այլ հաստատությունները: Բացի այդ, ստացողը կարող է նվերը ուղարկել մեկ այլ անձի՝ ցանկացած մեսենջերի միջոցով: Հնարավոր է ուղարկել ծաղիկներ, պիցցա, տալ հասանելիություն որեւէ հետաքրքիր խաղի, նվիրել մեկ գավաթ գինի կամ հետաքրքրաշարժ գիրք՝ նամակին կցելով իրական նվեր սովորական էմոջիի տեսքով»,- պարզաբանել են ընկերությունում:

Gmoji-ի ստեղծման գաղափարը ծագել է դեռեւս 5 տարի առաջ: Այս ընթացքում ստեղծվել են էսքիզներ, բեք-էնդ եւ բետա-տարբերակ, հավելվածի եւ ստեղնաշարի նախատիպ: Հիմնադիրներն են Նիկոլայ Վակորինը եւ Ռոման Կնելլերը:

Հայաստանն առաջինն է տարածաշրջանում եւ երրորդը՝ Ռուսաստանից եւ Բելառուսից հետո, որտեղ գործարկվում է ծառայությունը: Մեր երկրում Gmoji-ին միացել է շուրջ 50 ընկերություն եւ նրանց քանակն օրեցօր աճում է: Հավելվածում արդեն իսկ հասանելի են ավելի քան 400 անուն ապրանքատեսակներ եւ ծառայություններ:

Հայաստանում ընկերության հիմնադիր Արա Յաղջյանի խոսքով, սա յուրահատուկ հնարավորություն է ակնթարթորեն ուղարկել նվեր մեկ այլ մարդու, առանց իմանալու, թե որտեղ է նա գտնվում:

«Եկել է տելեպորտացիայի ժամանակաշրջանը: Այսպիսի «տելեպորտացիան» հնարավոր է դարձել շնորհիվ բարդ համակարգի, որն ունակ է ստեղծել եւ փոխանցել ունիկալ տվյալներ, ինտեգրվել առցանց եւ անցանց մանրածախ առեւտրի, հասարակական սննդի կետերի եւ ծառայությունների ոլորտի ներկայացուցիչների հետ:

Մեր փոքրիկ Հայաստանը, ունենալով մեծ աշխարհասփյուռ հայություն, ծառայության հնարավորությունները աներեւակայելի ընդարձակ է դարձնում: Մոսկվայից Երեւան մեկ գավաթ գարեջուր ուղարկելու համար ընդամենը մի քանի վայրկյան կպահանջվի: Մի պահ պատկերացրեք, որ այս հարթակին միանում են նաեւ դպրոցի ճաշարանները: Ծնողները կարող են երեխաներին փքաբլիթ կամ որեւէ այլ բան ուղարկել՝ նրանց կանխիկ գումար չտալով: Ինչ վերաբերում է երեխաներին, ապա հավելվածը ներբեռնելիս անհրաժեշտ է լրացնել ծննդյան տարեթիվը: Հետագայում ծրագիրը հաշվի կառնի այս տեղեկատվությունը եւ կբեռնի համապատասխան ապրանքներ, անչափահաս օգտատերերին զերծ պահելով 18+ ապրանքներից», - ընդգծել է Արա Յաղջյանը:

Ընկերության տնօրեն Լիանա Ավագյանի խոսքով, Gmoji-ն ունի զարգացման մի քանի ուղղություն: Առաջինը B2B եւ C2C ուղղություններն են, որոնց կոմերցիոն-փորձնական գործարկումը տեղի է ունեցել սեպտեմբերի 1-ին:

«Այսպիսով՝ մենք հնարավորություն ենք տալիս տարբեր ընկերություններին վաճառել իրենց ապրանքները կամ ծառայությունները հավելվածի միջոցով: Հավելվածին միանալն անվճար է, մենք միայն գանձում ենք գումար հավելվածից գնված եւ մարված ապրանքների եւ ծառայությունների համար: Այժմ հավելվածում առկա է մոտ 15 կատեգորիա՝ ծաղիկներ, ըմպելիքներ, քաղցրավենիք, գրքեր, սնունդ, բար, բիոկոսմետիկա, խաղեր, ժամանց, նվեր քարտեր եւ այն: C2C մոդելը ենթադրում է նաեւ հավելվածի անվճար օգտագործում»,- ընդգծել է նա:

Լիանա Ավագյանը նշել է, որ պատրաստվում են առաջիկայում ներդնել Gmoji business-ը՝ խոշոր ընկերությունների համար: Դրա շրջանակում մշակվելու են հաճախորդների հավատարմության ծրագրեր, որոնց միջոցով մի շարք ընկերություններ (բանկեր, բջջային կապի օպերատորներ, IT ոլորտի ընկերություններ եւ այլն) կարող են նվերներ ուղարկել իրենց աշխատակիցներին, առկա ու պոտենցիալ հաճախորդներին, կազմակերպել կորպորատիվ նվերների առաքում եւ այլն:

Տարեվերջին էլ նախատեսվում է նոր ծրագրի իրականացում, որը կօգնի պատմական հայրենիքից հեռու գտնվող անձանց նվերներ ուղարկել հայաստանաբնակ ընկերներին ու հարազատներին եւ նրանց կողմից եւս արժանանալ ուշադրության:

Gmoji նախագծի վրա աշխատել են շուրջ 200 մասնագետներ եւ խորհրդատուներ: Հավելվածի ինտերֆեյսի, գործիքակազմի եւ մտահղացման համար Ռուսաստանից եւ մի շարք այլ երկրներից 18 արտոնագրային հայտ է ներկայացվել:

Ռուսաստանյան շուկայի համար ձեւավորվել է յուրահատուկ իրավական եւ ֆինանսական մոդել, իրականացվել է տեխնիկական առաջադրանքի 9 միջանկյալ հրատարակություն եւ հավելվածի ավելի քան 100 խմբագրում:

Ներկայում Gmoji-ն աշխատում է Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում, ԱՄՆ-ում ու մի շարք այլ երկրներում եւ փնտրում է գործընկերներ Եվրոպայում եւ Ասիայում: