15:54 | 28.11.19 | Նորություններ | 1978
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ զգալի ներուժ է տեսնում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների միջեւ համագործակցության զարգացման համար, որպես արդիական ուղղություններից մեկը նշելով բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության զարգացումը:
Այս մասին Նիկոլ Փաշինյանն ասել է Բիշքեկում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստի շրջանակում, որին մասնակցել են նաեւ կազմակերպության անդամ երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի ղեկավարները:
Իր խոսքում վարչապետը նշել է, որ Հայաստանը մտադիր է այսուհետ եւս շարունակել իր ներդրումն ունենալ ՀԱՊԿ-ի արդյունավետության հետագա բարձրացման եւ միջազգային հեղինակության ամրապնդման գործում:
Նիստի մասնակիցները քննարկել են նաեւ ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը, դիտարկել են ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դիմակայմանն առնչվող թեմաներ, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ում Ռուսաստանի Դաշնության գալիք նախագահության ժամանակահատվածում աշխատանքի առաջնահերթ ուղղությունները: