Նոյեմբերի 14-ից 16-ը Թբիլիսիի պետական համալսարանում ընթանում է DataFest Tbilisi եռօրյա փառատոնը, որին մասնակցում է նաեւ հայկական պատվիրակությունը՝ կազմված մոտ 100 մասնակիցներից։
Նրանց շարքում կան նաեւ խոսնակներ, ովքեր ելույթ կունենան կոնֆերանսի օրերին՝ Դավիթ Աբգարյանը՝ DISQO-ից, Հրանտ Խաչատրյանը՝ YerevaNN-ից, Անուշ Մարտիրոսյանը՝ krisp-ից, Ռուզաննա Բալդրյանը՝ National SDG Innovation Lab-ից, Էդգար Խաչատրյանը՝ Questrade-ից (Կանադա) եւ Ռուդոլֆ Երեմյանը Windsor.AI-ից (Վրաստան)։
Միջոցառմանն այս տարի ներկա են շուրջ 1000 մասնակիցներ եւ 60 խոսնակներ ամբողջ աշխարհից։ Քննարկումներն ու ելույթներն ընթանում են տվյալագիտության ու հարակից ոլորտների այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են տվյալները բիզնեսում եւ մարքեթինգում, տվյալներ եւ արհեստական բանականություն եւ այլն:
«Հայաստանում եւ Վրաստանում տվյալագիտության տարածման ու զարգացման աշխուժությունը` հատկապես արհեստական բանականության եւ մեքենայական ուսուցման ուղղություններով, տարածաշրջանային համագործակցության հույսեր է տալիս, եւ մեր փառատոնը հիանալի հարթակ է երկու երկրների տվյալագիտական համայնքների միջեւ կապերը ստեղծելու եւ ամրացնելու համար»,- նշել է միջոցառման կազմակերպիչներից Հայկ Ասրիյանցը։
«Որպես շուկայի հետազոտման ու գովազդի արդյունավետության հարթակ՝ DISQO-ի լուծումները կոնֆերանսի թեմաներից համահունչ են մասնավորապես «տվյալները բիզնեսում եւ մարքեթինգում» ուղղվածության հետ։ Կիսվեցի մեր կիրառած մոտեցումներով ու փորձով, որը բավականին մեծ հետաքրքրություն առաջացրեց տեղի մասնագետների մոտ», - ասել է խոսնակներից Դավիթ Աբգարյանը:
DataFest Tbilisi փառատոնն արդեն երրորդ տարին է, ինչ միավորում է տվյալների եւ տվյալագիտության վերլուծաբանների, կիբերանվտանգության փորձագետների, դիզայներների, լրագրողների, պետական եւ մասնավոր սեկտորի ներկայացուցիչների՝ փորձի փոխանակման ու կապերի ստեղծման համար։