16:59 | 05.11.19 | Նորություններ | 9371
ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ Արմավիրի մարզի Մրգաստան գյուղում բնակվող Հասոյանների ընտանիքը բնակարանամուտ է նշել:
Հիմքից կառուցված այս տունը գործընկեր կազմակերպությունների համատեղ ծրագրի՝ հոբելյանական՝ 200-րդ տունն է:
«Նախկինում, երբ մտածում էի, որ երեխաներս մեծանում են, աղջիկս շուտով կամուսնանա, ու մենք դեռ տնակում ենք ապրում, սիրտս կտոր-կտոր էր լինում: Օրեր առաջ աղջկաս ամուսնացրեցինք ու, գիտեք, հուզմունքս ու ուրախությունս հազարապատկված էին, քանի որ հյուրերը տո՛ւն էին եկել, ոչ թե դոմիկ, որ երեխաս ու մենք ամաչելու ու նեղվելու առիթ այլեւս չունենք: Մենք այսուհետեւ տո՛ւն ունենք: Անսահման շնորհակալ եմ աջակցության համար», - ասել է ընտանիքի մայրը՝ Զարինան:
«Առհասարակ, ծրագրերը պահանջում են խոսել թվերի լեզվով՝ փաստերով: Այս ընտանիքն օրինակ, մեր ծրագրում ընդգրկված երկուհարյուրերորդն է: Դա կարեւոր փաստ է՝ գործընկերության «տեխնիկական» արդյունքն ու տարիների աշխատանքը գնահատելու համար: Իսկ հաշվետվության մյուս՝ բարոյական կողմն ավելի արժեքավոր է: Կյանքի բնականոն հուն են մտնում ընտանիքներ, որոնք անցել են պայքարից հուսահատություն տանող ճանապարհով: Նրանց լուսավոր ժպիտն ամենաոգեւորողն է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Այս ընտանիքի պարագայում մենք մի փոքր նորամուծություն մտցրեցինք համատեղ իրականացվող բնակարանաշինության ծրագրում. եթե մինչ այդ օգնում էինք կիսակառույցն ավարտին հասցնել, կամ վերանորոգման աշխատանքներ անել, ապա այս դեպքում որոշեցինք հիմքից կառուցել տունը: Ընտանիքի ոգեւորությունը, ջանասիրությունը, տուն ունենալու ցանկությունն այնքան մեծ էր, որ շինարարական աշխատանքներն ավարտվեցին հինգ ամսվա ընթացքում: Շատ ուրախ եմ ընտանիքի համար»,- նշել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
2019թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրել է 109 մլն ՀՀ դրամ: Մինչեւ տարեվերջ, Հայաստանի 10 մարզում բնակարանի տեր կլինի 43 ընտանիք: