Արամ Սարգսյանն ու Ավետիս Գասպարյանը
Ավետիս Գասպարյանը
Արամ Սարգսյանը
Ավետիս Գասպարյանը
Արամ Սարգսյանը
Նարինե Դանեղյանը զրուցում է Արամ Սարգսյանի եւ Ավետիս Գասպարյանի հետ
09:30 | 22.10.19 | Հարցազրույցներ | exclusive 148306
WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովի շրջանակում հոկտեմբերի 8-ին ելույթ ունեցան Yandex ընկերության առաջատար դեմքերը:
Yandex.Taxi-ի EMEA ու CIS երկրների ղեկավար Արամ Սարգսյանը մասնակցեց «Խելացի քաղաք. երազա՞նք թե՞ աղետ» պանելային քննարկմանը: Նույն օրը Yandex ընկերության հիմնադիր Արկադի Վոլոժը ելույթ ունեցավ «Ականավոր բանախոսների շարքի» շրջանակում: Նա խոսեց տրանսպորտի եւ ինքնակառավարվող մեքենաների ապագայի մասին: Disruption Delusion պանելային քննարկմանն էլ մասնակցեց «Յանդեքս» ընկերությունների խմբի գործադիր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը:
WCIT 2019-ի շրջանակում Itel.am-ը զրուցել է Yandex.Taxi-ի Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի, Աֆրիկայի եւ ԱՊՀ երկրների ղեկավար Արամ Սարգսյանի եւ Yandex.Taxi -ի տարածաշրջանային ղեկավար Ավետիս Գասպարյանի հետ:
- Ի՞նչ տպավորություններ ունեք WCIT-ից:
Արամ - Ես մասնակցեցի խելացի քաղաքներին նվիրված պանելային քննարկմանը։ Զրուցեցինք այն մասին, թե ինչպես կարելի է նպատակային օգտագործել անհատական տվյալները առավել անհատականացված ծառայություններ ստեղծելու համար՝ պահպանելով այդ տվյալների անվտանգությունը, եւ այն ծառայեցնել խելացի քաղաքների ստեղծմանն ու ծառայությունների շրջանակի ընդլայմանը:
Ավետիս - WCIT-ն մեր երկրի համար ամենանշանակալից իրադարձություններից էր: Yandex-ն ամենաբարձր մակարդակով ներկայացավ միջոցառմանը, որն իր հերթին ազդակ է Հայաստանում Yandex-ի ծառայությունների շրջանակի ընդլայնման ու զարգացման համար։
- Վերջերս Երեւանում բացվեց Yandex.Taxi-ի վարորդների նոր կենտրոնը։ Ո՞րն է լինելու կենտրոնի գլխավոր գործառույթը:
Արամ – Բարձր դասի սակագների բոլոր վարորդներն այս կենտրոնում են գրանցվում համակարգեր, վերապատրաստվում են, անցնում տեստավորում, ունենում են անհատական հարցազրույցներ, ու նրանց մեքենաները ստուգվում են մասնագետների կողմից։ Կենտրոնը սպասարկում է նաեւ բոլոր նրանց, ովքեր ցածր վարկանիշի կամ հաճախորդի բողոքի պատճառով դուրս են մնացել համակարգից:
Ավետիս – Yandex.Taxi-ն վարորդների աջակցման կենտրոն ուներ Խորենացի 28 հասցեում։ Մենք որոշեցինք կառուցել նորը, որը կլինի ժամանակակից, այցելուներին հարմար, տեխնոլոգիապես հագեցած, լայն ու անվտանգ կայանատեղիներով։ Այս ներդրումը պայմանավորված է նաեւ այն բանով, որ մենք շուկայում որոշեցինք ստեղծել բարձր դասի սակագներ ու ապահովել դրանց որակային չափանիշների պահպանումը։ Այս սակագների վարորդներին անհրաժեշտ է սպասարկել նոր մոտեցմամբ, նոր քաղաքականությամբ: Կենտրոն մուտք գործելիս վարորդը միաժամանակ պետք է զգա պատասխանատվության իր մասը, ինչպես նաեւ իր դերն ու կարեւորությունը Yandex.Taxi-ի մեծ ընտանիքում։ Նրանք կարող են անգամ հանգստանալ կենտրոնում, սրճել ու զրուցել մասնագետների հետ, Play Station խաղալ։
Ավետիս Գասպարյանը
Վարորդը, տեսնելով, որ գնահատվում է թիմի կողմից, հաճախորդի կողմից, փորձում է ավելի բարձր որակով իրականացնել ուղեւորությունը: Վարորդների աջակցման նորաբաց կենտրոնը նաեւ դրան ուղղված քայլ է:
- Արդյոք կենտրոնի բացումը ենթադրո՞ւմ է, որ բոլոր սակագներով մատուցվող ծառայությունները մոտ ապագայում կբարելավվեն:
Արամ - Որակային բարեփոխումները մեր օրակարգի անբաժանելի մասն են։ Start-ը շուկայի ամենամատչելի սակագինն է, եւ ծառայության ուղեւորությունների առյուծի բաժինն ընկնում է հենց այս սակագնին։ Այստեղ փորձարկումներ անելը չափազանց ռիսկային է: Մենք չենք կարող պարզապես վերցնել ու անջատել այդ մեքենաները համակարգից: Դրա փոխարեն մշակում ենք գործիքակազմեր, որոնք քայլ առ քայլ բարձրացնում են որակային նշաձողերը։ Մյուս կողմից, մենք չափազանց խիստ պահանջներ ենք ներկայացնում ու վերահսկողության խիստ մեխանիզմներ կիրառում բարձր դասի սակագների վարորդների նկատմամբ, որպեսզի կարողանանք այդ սակագները համապատասխանեցնել այն հաճախորդների պահանջներին, ովքեր պատրաստ են լրացուցիչ վճարի դիմաց ստանալ առավել որակյալ ծառայություն:
Արամ Սարգսյանը
Ավետիս - Վերջերս որակային կտրուկ փոփոխություններ ենք արել համակարգում` վերակենդանացրել ենք Standard սակագինը (այժմ՝ Comfort), ստեղծել Comfort+ սակագինը, իսկ Business սակագինը դարձրել ենք Երեւանի ամենաորակյալ ծառայությունը: Իսկապես դժվար ու համարձակ քայլ էր հարյուրավոր մեքենաներ կրճատելը, բարձր դասի սակագների հասանելիությունը հազարավոր վարորդների համար սահմանափակելը:
Մեր առօրյա աշխատանքի նպատակն է համապատասխանեցնել մեր հաճախորդների ակնկալիքները մատուցած ծառայություններին։
Եթե Comfort պատվիրեք, ձեզ կմոտենա 4.9+ վարկանիշ ունեցող վարորդ՝ մատչելի գնով։ Comfort+ պատվիրելիս դուք կուղեւորվեք ոչ միայն 4.9+ վարկանիշ ունեցող վարորդի ուղեկցությամբ, այլեւ կվայելեք հարմար, թարմ, օդորակիչով զինված մեքենան։ Business սակագնի դեպքում վերոնշյալ առավելություններին զուգահեռ մեքենայում կգտնեք խմելու ջուր, հեռախոսի լիցքավորիչ, կվայելեք հաճելի երաժշտություն։
Ավետիս Գասպարյանը
Այս որակային ստանդարտները չպահպանելու դեպքում սակագինը վարորդի համար կդառնա անհասանելի այնքան ժամանակ, քանի դեռ նա չի բարելավել իր վարկանիշը, անգամ եթե բարձր դասի մեքենա է վարում։
Ուրախ եմ ասել, որ վերջին շաբաթների ընթացքում մենք տեսանելի արդյունքներ ունենք:
Նոր Comfort+ սակագինը վայելում է մեծ պահանջարկ, բավական լավ արդյունքներ ունենք նաեւ Business-ում։ Այս ամենը հնարավոր չէր լինի, եթե չլիներ մեր հաճախորդների աջակցությունն ու վստահությունը։ Որակի սպառողն ու չափորոշիչը մեր հաճախորդն է։
- Արամ, վերջերս նոր պաշտոն եք ստանձնել: Պատմեք Ձեր նոր պարտականությունների մասին:
Արամ - Yandex.Taxi-ն գործում է 18 երկրում, ու այս թիվը աշխատում ենք մեծացնել: Ծառայության կառավարումը բաղկացած է երկու մասից՝ զարգացած երկրներ, որտեղ այլեւս ստարտափ չենք ու կայացած ենք, եւ ստարտափ երկրներ, որտեղ նոր ենք սկսել աշխատել: Ես ղեկավարում եմ առաջին խմբի երկրները, ու Հայաստանն այդ երկրների թվում է: Այստեղ արդեն ավարտված է երկու շրջափուլ՝ գործարկում եւ արագ աճ: Հիմա հասել ենք այն փուլին, երբ ամենակարեւորը որակն է եւ լրացուցիչ ծառայությունների մատուցումը:
- Կորպորատիվ տաքսիի գործարկումը Ձեր ընկերության ամենաթարմ նորություններից մեկն է։ Ի՞նչ է այն ենթադրում։
Արամ - Վերջին 3 տարվա ընթացքում տարբեր ընկերություններից հայտեր էինք ստանում: Նրանք ցանկանում էին աշխատել Yandex.Taxi-ի հետ, որպեսզի աշխատակիցների համար ապահովեն արագ ու հարմար վճարման եղանակ ունեցող երթեւեկություն: Մոտ մեկ ամիս առաջ սկսեցինք առաջարկել կորպորատիվ ծառայությունը:
Արամ Սարգսյանը
Ընթացակարգը հետեւյալն է՝ ընկերությունը դիմում է մեզ, անցնում է սքորինգ, պայմանագիր է կնքում ու անմիջապես միանում համակարգին։ Աշխատակիցներն իրենց հեռախոսներով պատվիրում են Yandex.Taxi, իսկ ուղեւորության համար վճարում է գործատուն:
Պահանջարկը շատ մեծ է։ Ուրախ ենք, որ արդեն կարող ենք այդ ծառայությունը մատուցել Հայաստանում:
Ավետիս - Երբ կազմակերպությունը պայմանագիր է կնքում Yandex.Taxi-ի հետ, մենք տրամադրում ենք էլեկտրոնային հարթակ, որտեղ մենեջերը կամ հաշվապահը կարող է ավելացնել աշխատակիցներին, լիմիտավորել յուրաքանչյուր աշխատակցի ուղեւորությունների թիվը, գումարային սահմանափակումներ դնել, հետեւել բոլոր ուղեւորություններին: Աշխատակիցը իր հեռախոսից մեր հավելվածի միջոցով ընտրում է «կորպորատիվ» վճարման եղանակն ու պատվիրում մեքենան։ Համակարգը թափանցիկ է, հեշտ է օգտագործողի համար եւ փաստացի հստակ լուծում է կորպորատիվ շուկայում, որը մինչ օրս բացակայում էր:
Նարինե Դանեղյանը զրուցում է Արամ Սարգսյանի եւ Ավետիս Գասպարյանի հետ
Ի թիվս վերոնշյալ առավելությունների՝ կորպորատիվ շուկայում ունենք չորս ընդգծված առավելություն՝ մեքենայի մոտեցման ժամանակը (2-3 րոպե), առավել հարմար սակագին ընտրելու հնարավորությունը, հաշվետվողականության հեշտությունը, ինչպես նաեւ առանձնացված հետադարձ կապի հնարավորությունը:
- Yandex-ը վերջերս հանդես էր եկել ԵԱՏՄ տարածքում վարորդական իրավունքների տեղաբաշխիչ շտեմարան ստեղծելու նախաձեռնությամբ։ Հայաստանի վարորդներն ընդգրկված կլինե՞ն այդ նախաձեռնությունում։
Արամ - Մենք առաջարկել ենք ԵԱՏՄ բոլոր երկրներին, որպեսզի տեղային տվյալների բազա ստեղծեն։ Դա թույլ կտա ստուգել, որ վարորդական իրավունքները գործող են, խնդիրներ չկան վարորդների հետ: Արդյունքում կբարձրանա ծառայության որակը եւ անվտանգությունը։ Սա նաեւ թույլ կտա վարորդներին բոլոր երկրներում աշխատել առանց խնդիրների:
Ներկայում հայ վարորդներն ունեն խնդիրներ ՌԴ-ում աշխատելիս, քանի որ ռուսերենը Հայաստանում պաշտոնական լեզու չէ: Կարծում ենք՝ նման տվյալների բազայի օգնությամբ այդ հարցը հնարավոր է լուծել:
Արամ Սարգսյանի եւ Ավետիս Գասպարյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի