14:19 | 18.10.19 | Հարցազրույցներ | exclusive 230669

Բրայան Լիլլի․ Հայաստանն այսուհետ կդիտարկեմ որպես ծրագրավորման պոտենցիալ ունեցող կենտրոն

Բրայան Լիլլին 25 տարի ղեկավարել է ինովացիոն թիմեր Սիլիկոնային հովտում, այդ թվում նաեւ Equinix-ում, որտեղ նա վերջին շրջանում զբաղեցրել է ՏՏ, արտադրության, հաճախորդների հետ կապի գծերով տնօրենի պաշտոնները:

Այս պահին Բրայան Լիլլին անկախ տնօրեն է 2 ընկերություններում՝ օպտիկ, ֆոտոնային ու 3D սարքերի արտադրող Lumentum-ում եւ Talend-ում, որն ապահովում է տվյալների ինտեգրացիան ամպային հարթակների եւ հավելվածների միջեւ:

WCIT 2019-ի շրջանակում Itel.am-ը զրուցել է Բրայան Լիլլիի հետ:

-Դուք 25 տարուց ավելի աշխատում եք Սիլիկոնյան հովտում: Հիմնվելով այդ փորձի վրա, ո՞րն է լավագույն տարբերակը զարգացնելու պրոդուկտ այնպիսի մրցակցային շուկայում, ինչպիսին է Սիլիկոնյան հովիտը:

- Կարծում եմ՝ լավագույն տարբերակը հասկանալն է, թե որքան է մեծ այն շուկան, որը փորձում եք թիրախավորել, որքա՞ն արդիական է տվյալ շուկայում այն խնդիրը, որը փորձում եք լուծել։ Սրանք այն կետերն են, որոնք իսկապես վենչուրային հիմնադրամների եւ հրեշտակ ներդրողների ուշադրությունն են գրավում՝ սաղմնային ֆինանսավորման փուլում:

Կարեւոր է մի քանի բան՝ առաջինը պոտենցիալ հաճախորդների հետ իսկապես ժամանակ անցկացնելն է ու հասկանալը, թե ինչ խնդիրներ նրանք ունեն եւ ինչպես են փորձում դրանք լուծել:

Բրայան Լիլլին եւ Նարինե Դանեղյանը Բրայան Լիլլին եւ Նարինե Դանեղյանը

Այս խնդիրները լուծելու համար հարկավոր է հավաքել տեղեկատվություն ոչ թե 1-2 հարցազրույցների տեսքով, այլ բազմաթիվ: Երկրորդ խորհուրդն է՝ սկսեք եւ փորձեք: Արագ նախատիպավորումը (Rapid prototyping) լավ գաղափար է: Սթենֆորդի համալսարանում d.school դիզայնի դպրոց գոյություն ունի, որում ուսուցումը արդյունաբերական ինժեներության եւ արվեստի կոմբինացիա է։ Երեւան այցի ընթացքում այցելել եմ Թումո կենտրոն եւ կապել նրանց d.school-ի հետ։

- Ինչպիսի՞ տեխնոլոգիաներ եւ պրոդուկտներ թրենդային կլինեն առաջիկա տարիներին:

- Կարծում եմ՝ բիզնեսն իր բոլոր տեսակներով եւ ձեւերով թվային է դառնում: Իրերը դառնում են փոխկապակցված։ Այդ միտումը շարունակվելու է: Ես տեսել եմ այդ թրենդը տարիներ շարունակ, օգնել եմ ստեղծել պրոդուկտներ, որոնք այդ թրենդն են շարունակում: Հաջորդ ուղղությունը կլինի շարունակական տեղափոխությունը դեպի հիբրիդային ամպային ծառայություններ։

Նաեւ կարծում եմ, որ չափազանց կարեւոր է տվյալների պաշտպանության անվտանգությունը: Արհեստական բանականության, մեքենայական ուսուցման պես տեխնոլոգիաներն ավելի հասանելի են դառնում, ինչի շնորհիվ Հայաստանի եւ մյուս երկրների գիտնականները սկսում են մտածել նման լուծումների մասին եւ դրանց կիրառումն ավելի են հեշտացնում:

- Որո՞նք են Հայաստանի՝ որպես տեխնոլոգիական ներուժ ունեցող երկրի առավելությունները։

-Սա Հայաստան իմ առաջին այցն է, տեսնում եմ այստեղ առկա ֆանտաստիկ էներգիա: Այստեղ գաղափարներն ամենուր են: Հասանելիությունը գործիքներին եւ շուկային կարեւոր է, բայց այն գաղափարները, որ WCIT-ի շրջանակում տեսա հայկական ստարտափների մոտ, ապացուցում են, որ այդ հնարավորությունը եւս ճանապարհին է:

Կարեւոր է այն, որ ինտելեկտուալ իշխանությունը եւ գաղափարներն այստեղ են: Հիմա կապիտալի հասանելիության կարիք կա։ Կարծում եմ՝ կառավարության ջանքերով կապիտալը եւս գալիս է:

Հայաստանը ձեռներեցներին անհրաժեշտ տեխնոլոգիաներով ապահովելու շեմին է: Իմ համոզմամբ, հայ ձեռներեցները նույնպես կօգտվեն այն հանգամանքից, որ այսօր հնարավոր է ցանկացած վայրում զարգացնել լուծումներ եւ խթանել այդ լուծումների օգտագործումն ամբողջ աշխարհում:

Equinix-ում աշխատանքիս վերջին խոշոր նախագծերից էր Վարշավայում ծրագրավորման կենտրոն բացելը, սկսեցինք զրոյից եւ արդյունքում 90 ծրագրավորողից բաղկացած թիմ ունեցանք: Այն ժամանակ ես Հայաստանի մասին շատ բան չգիտեի, բայց իմ այս այցից հետո իհարկե, կսկսեմ Հայաստանը դիտարկել որպես ծրագրավորման պոտենցիալ ունեցող կենտրոն:

Բրայան Լիլլիի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը