13:06 | 08.10.19 | Նորություններ | 24093

Yandex.Taxi-ի վարորդների աջակցման կենտրոնը բացվել է Երեւանում

 

Ձորափի 70/3 հասցեում բացվել է Yandex.Taxi-ի վարորդների աջակցման կենտրոնը։

Բացման ժամանակ Yandex.Taxi -ի տարածաշրջանային տնօրեն Ավետիս Գասպարյանն ասել է, որ կենտրոնից է սկսվում վարորդների եւ իրենց համատեղ ճանապարհը։

Այստեղ են վարորդները գրանցվում համակարգում, անհատական հարցազրույց անցնում։ Այստեղ են նաեւ կարգավորվում իրավիճակները, երբ վարորդը, ցածր վարկանիշի պատճառով, դուրս է մնում համակարգից: Մենեջերի հետ հարցազրույցից հետո է որոշվում՝ նա վերադառնո՞ւմ է համակարգ, թե՞ հեռացվում։


«Մենք վերջերս որակային կտրուկ փոփոխություններ ենք արել համակարգում` Comfort, Comfort+ եւ Business սակագներում։ Comfort+ նոր սակագնում արդեն բավական լավ արդյունքներ ունենք։ Մենք կարողացանք գտնել շուկայի միջին գինն ու որակը։ Այս սակագներով աշխատելու համար նվազագույն վարկանիշը 4,9 է, որից ցածր վարկանիշի դեպքում վարորդը չի կարողանա աշխատել, անգամ եթե բարձր դասի մեքենա է վարում։ Նման կենտրոն ունենալու նպատակներից մեկն էլ այն է, որ վարորդները եւս լավ սպասարկում ստանան»,- ասել է Ավետիս Գասպարյանը։

Ավետիս Գասպարյանն ու Արամ Սարգսյանը Ավետիս Գասպարյանն ու Արամ Սարգսյանը


Yandex.Taxi-ի Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի եւ ԱՊՀ երկրների ղեկավար Արամ Սարգսյանն ասել է, որ այժմ աշխատում են հավելվածում նոր հնարավորությունների ավելացման ուղղությամբ։

«Երբ օգտատերը նշի իր փոխադրման ուղղությունը, ծրագիրը կհուշի ամենահարմար հնարավորությունները, օրինակ՝ ինչ տրանսպորտով է առավել հարմար երթեւեկել՝ կարող է առաջարկել ինչ-որ հատված ավտոբուսով անցնել, ապա տաքսիով շարունակել եւ այլն։ Սկզբում դա կթեստավորենք Ռուսաստանում։ Առաջին երկրներից մեկը, ուր կգործարկենք հնարավորությունը, Հայաստանը կլինի»,- ասել է Արամ Սարգսյանը։ Նա նշել է, որ իրենց ծառայության առավելությունն այն է, որ ցանկացած պահի, ցանկացած վայրում օգտատերը կարող է վստահ լինել, որ իրեն արագ կսպասարկվեն ամենահարմար գնով։