«Լույս» հիմնադրամը, NOOOR Հայաստանի բլոկչեյն ասոցիացիան եւ Crypto NDX ընկերությունը հանդես են եկել համատեղ նախաձեռնությամբ, որի շրջանակում հիմնադրամում կգործի բլոկչեյն հետազոտական ուղղությունը եւ կրթական ծրագիր:

Այս մասին Հայաստանում անցկացվող ChainPoint համաժողովի շրջանակում հայտարարել է ԼՈՒՅՍ հիմնադրամի խորհրդի անդամ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը, ով այսուհետ գլխավորելու է հիմնադրամում նշված հետազոտական ուղղության աշխատանքները:

Կրթական ծրագրի շնորհիվ նախատեսվում է ընդլայնել Հայաստանում բլոկչեյնի վերաբերյալ հասարակության կրթվածության եւ տեղեկացվածության մակարդակը, ինչպես նաեւ հնարավորություն ստեղծել պատրաստելու մասնագետներ ոլորտում գործող ընկերությունների համար:

Հիմնադրամի կազմում ստեղծվող հետազոտական ուղղությունը ծառայելու է որպես հարթակ՝ ոլորտի մասնագետների համար արդի հիմնախնդիրների քննարկման եւ լուծումների որոնման համար: