11:31 | 15.10.19 | Նորություններ | 1984
Հայաստանում 2019-ի երկրորդ եռամսյակում համացանցից գրոհների բախվել է օգտատերերի 15,4%-ը. այդ ցուցանիշով երկիրը 13-րդ տեղն է զբաղեցրել այն երկրների քսանյակում, որոնց օգտատերերն ավելի հաճախ են ենթարկվել վեբ-գրոհների:
Առաջին եռամսյակում Հայաստանը 16,13% ցուցանիշով դուրս է մնացել քսանյակից։ Այդ մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները։
Վրաստանում նման գրոհների բախվել է օգտատերերի 14,2%-ն, այն դեպքում, երբ այդ ցուցանիշն առաջին եռամսյակում կազմել է 16%։ Ադրբեջանում էլ համացանցից գրոհներ գրանցվել են օգտատերերի 16,59%-ի սարքերում, եւ դա աշխարհում 8-րդ ցուցանիշն է առաջին եռամսյակի 11-րդի փոխարեն (18,28%)։
2019թ. երկրորդ եռամսյակում աշխարհում օգտատերերի համակարգիչների 12,12% առնվազն մեկ անգամ ենթարկվել է Malware դասի վեբ-գրոհի, իսկ առաջին եռամսյակում՝ 13,18%-ը։ Երկրորդ եռամսյակում ընկերության լուծումները հետ են մղել 717 մլն 57 հազ. 912 գրոհ, որոնք իրականացվել են աշխարհի 203 երկրներում գտնվող համացանցային ռեսուրսներից, եւ գրանցել՝ 217 մլն 843 հազ. 293 ունիկալ URL (հասցե), որոնց արգելափակել է վեբ-հակավիրուսը։
Առաջին եռամսյակում էլ հետ է մղվել 843 մլն 96 հազ. 461 գրոհ, իսկ երկրների քանակը չի փոխվել։ Նաեւ գրանցվել է 113 մլն 640 հազ. 221 ունիկալ URL, որոնց արգելափակել է վեբ-հակավիրուսը։
Փորձագետները վեբ-գրոհներից պաշտպանվելու համար խորհուրդ են տալիս օգտագործել վեբ-մոդուլով հուսալի հակավիրուս, որը կանխում է վնասաբեր օբյեկտների ներբեռնումը վարակված վեբ-էջերից։
Վնասաբեր ծրագրերն այնտեղ են հայտնվում կիբեռհանցագործների կողմից կոտրանքի ենթարկելու հետեւանքով, որոնք այնուհետեւ օրինական կայքերում ներդնում են վնասաբեր սկրիպտներ եւ ամենատարբեր նշանակության ծրագրեր՝ կրիպտոարժույթների թաքնված մայներներ, ծածկագրող-շորթող ծրագրերի ներբեռնիչներ, անհատական եւ բանկային տվյալների գողության համար նախատեսված ծրագրեր։ Չարագործները նաեւ հատուկ են ստեղծում վնասաբեր կայքեր՝ նախօրոք այնտեղ ներբեռնելով տարբեր վնասակար ծրագրեր, եւ այնուհետեւ սոցիալական ինժեներիայի մեթոդներ կիրառելով այնտեղ են «բերում» օգտատերերին։