12:12 | 14.10.19 | Նորություններ | 2620

Երեւանում մեկնարկել է ChainPoint 19 համաժողովը

Այսօր Երեւանում մեկնարկել է Nooor բլոկչեյնի ասոցիացիայի կողմից կազմակերպված ChainPoint 19 երկօրյա միջազգային կոնֆերանսը:

Այս տարի այն ունի 500 մասնակից եւ 50 խոսնակ՝ 30-ից ավելի երկրներից: Կոնֆերանսի նպատակն է համաշխարհային բիզնես համայնքին ներկայացնելու Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի ներուժը։

Խոսնակների շարքում են ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Bitcoin.com-ի գլխավոր տնօրեն Ստեֆան Ռուստը, Հոնգ Կոնգի Ֆինտեխ ասոցիացիայի նախագահ եւ PwC-ում կրիպտո եւ ֆինտեխ ուղղությունների համաշխարհային առաջնորդ Հենրի Արսլանյանը, Bitfury ընկերության համաշխարհային դեսպան Մարկ Տավերները, Կոռնելի համալսարանի պրոֆեսոր Էմին Գյուն Սիրերը եւ շատ այլ փորձագետներ:

Երկօրյա ծրագրի շրջանակներում կքննարկվեն առանձին երկրների թվային տնտեսությունների զարգացման օրակարգերը, վերջին զարգացումները ոլորտում, ինչպես նաեւ հեռանկարները։ Մասնակիցների շարքում կլինեն բարձրաստիճան հյուրեր, ոլորտի ճանաչված փորձագետներ, նորարարներ, իրավաբաններ, ներդրողներ ու ներդրումային հաստատություններ, ինչպես նաեւ հարակից ոլորտների ներկայացուցիչներ։

Պանելային քննարկումներին եւ պրեզենտացիաներին զուգահեռ կանցկացվի CP19 Startup Battle-ը: Դրան կմասնակցեն 8-ից 12 ստարտափներ, որոնք առաջարկում են նորարարական լուծումներ բլոկչեյնի, արհեստական բանականության, ֆինտեխի եւ այլ ուղղություններով:

Ընդհանուր մրցանակային ֆոնդը գերազանցում է $350 հազ.-ը, որը ներառում է նաեւ հնարավորություն մասնակցելու ներդրումային փուլի: Մրցույթի գործընկերների շարքում են շվեյցարական InnMind-ը եւ CV VC labs-ը, բուլղարական AE ventures-ը, ռուսական x10 Agency-ն եւ հայկական SmartGateVC-ն: