16:24 | 04.10.19 | Նորություններ | 1877
Հոկտեմբերի 4-ին Երեւանում անցկացվել է «Kaspersky Cybersafety Games» կիբեռանվտանգության ուսանողական մրցույթը, որին մասնակցել են ՀՀ բուհերի տեղեկատվական տեխնոլոգիաների եւ անվտանգության մասնագիտությամբ սովորող չորսական ուսանողներից կազմված թիմերը։
Մինչ բուն մրցույթի մեկնարկը ընկերության Կենտրոնական Ասիայում եւ Մոնղոլիայում տարածաշրջանային գրասենյակի կոմերցիոն տնօրեն Վալերի Զուբանովը «Ինչպե՞ս մնալ լուսավոր կողմում» թեմայի շրջանակում ուսանողներին ներկայացրել է աշխարհում կիբեռանվտանգության ոլորտի արդի մարտահրավերները եւ դրանց դիմագրավելու համար «Կասպերսկի»-ի մշակած տեխնոլոգիաները եւ լուծումները։
«Գնահատե՛ք ոչ մեծ ընկերության ռիսկերը» խորագրով մրցույթը վարել է ընկերության Ղազախստանում, Կենտրոնական Ասիայում եւ Մոնղոլիայում կառավարման տնօրեն Եվգենի Պիտոլինը։
«Մրցույթը Հայաստանի բուհերի ուսանողներին հնարավորություն տվեց իրական կիբեռհարձակմանը մոտ պայմաններ առաջադրած խաղի միջոցով պատկերացնել, թե նրանք կիբեռանվտանգության ինչ խնդիրներ են լուծելու իրենց ապագա աշխատանքում։ Դա շատ օգտակար փորձառություն էր, որի շրջանակում ուսանողները ծանոթացան կազմակերպությունների կիբեռանվտանգության վրա մարդկային գործոնի ազդեցությանը, քանի որ աշխատակիցների կողմից կիբեռանվտանգության կանոններին հետեւելը նույնքան կարեւոր է, որքան կիբեռանվտանգության համակարգերի տեխնիկական ու ծրագրային հագեցվածությունը ու դրանք կառավարող մասնագետների գիտելիքները եւ արագ կողմնորոշվելու կարողությունը»,- նշել է Հայաստանում եւ Վրաստանում «Կասպերսկի» ընկերության տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։
Մրցույթի հաղթող, երկրորդ եւ երրորդ տեղերը գրաված թիմերին շնորհվել են մրցանակներ: