11:59 | 02.10.19 | Նորություններ | 1437

«Կասպերսկի». Հայաստանում ծածկագրող տրոյացիների գրոհներին ենթարկված օգտատերերի բաժինը նվազել է

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանի օգտատերերի համակարգիչների 0,57%-ը ենթարկվել է վնասաբեր ծածկագրող տրոյական ծրագրերի գրոհների այն դեպքում, երբ այդ ցուցանիշը Վրաստանում կազմել է 0,37%, իսկ Ադրբեջանում՝ 0,85%:

Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները:

2019-ի առաջին եռամսյակում էլ նման սպառնալիքների բախվել է Հայաստանի օգտատերերի 0,65%-ը, իսկ Վրաստանում եւ Ադրբեջանում, համապատասխանաբար, 0,27%-ը եւ 0,81%-ը։ 2019-ի երկրորդ եռամսյակում հայտնաբերվել է ծածկագրող տրոյացիների 16 017 նոր մոդիֆիկացիա այն դեպքում, երբ առաջին եռամսյակում հայտնաբերվել է եռակի քիչ՝ 5222 նոր մոդիֆիկացիա։

Երկրորդ եռամսյակում նաեւ տեղի է ունեցել շորթման նպատակով քաղաքային վարչակազմերի համակարգչային ցանցերը ծածկագրող ծրագրերով վարակելու մի քանի աղմկահարույց դեպք։ Վերջերս նման միջադեպերի զանգվածային լինելը ստիպում է ուշադրություն դարձնել կրիտիկական կարեւոր համակարգչային համակարգերի պաշտպանվածությանը, որոնցից կախված է ոչ միայն առանձին կազմակերպությունների, այլեւ ամբողջական քաղաքների գործունեությունը։

Ծածկագրող ծրագրերով վարակման գործնականում բոլոր դեպքերը տեղի են ունենում նույն սխեմայով։ Օգտատիրոջը կամ կազմակերպության որեւէ աշխատակցի գալիս է վնասաբեր ծրագրով նամակ։ Ստացողը, սպառնալիքը չնկատելով, գործարկում է վնասաբեր ծրագիրը, որն օգտագործում է օպերացիոն համակարգի կամ այլ ծրագրի խոցելիությունները (հաճախ՝ վաղուց հայտնի) եւ ծածկագրում տվյալները։ Երբեմն (կրկին հայտնի խոցելիությունների միջոցով) այն տարածվում է կազմակերպության տեղային ցանցի բոլոր համակարգիչներ։

Ծածկագրող տրոյացիներով վարակումից խուսափելու համար փորձագետները խորհուրդ են տալիս ժամանակին նորացնել ծրագրային ապահովումը, եւ առաջին հերթին, օպերացիոն համակարգերը, բոլոր համակարգիչներում կիրառել պաշտպանական լուծումներ, որոնք ի զորու են արգելափակել ինչպես հայտնի, այնպես էլ դեռեւս չհայտնաբերված ծածկագրող ծրագրերը։ Հարկ է նաեւ աշխատակիցներին սովորեցնել, որ նրանք ճանաչեն չարագործների կողմից օգտագործվող սոցիալական ինժեներիայի հնարքները եւ պաշտպանվեն դրանցից։

Ծածկագրող ծրագրերի զոհ դարձած օգտատերերին խորհուրդ է տրվում ոչ մի դեպքում փրկագին չվճարել տվյալներին հասանելիությունը վերականգնելու համար, քանի որ դա չի երաշխավորում հասանելիություն ստանալը, սակայն հաստատ կդրդի չարագործներին, որ նրանք հետագայում եւս տարածեն վնասաբեր ծրագիրը։ Անհրաժեշտ է նաեւ միջադեպի մասին հայտնել իրավապահ մարմիններին, փորձել տեղեկատվություն ստանալ այն մասին, թե հատկապես որ ծրագիրն է գրոհել սարքը կամ դիմել փորձագետներին. հնարավոր է, որ ծածկագրումը բացելու հնարավորություն ընձեռող ծրագիրն արդեն գոյություն ունի, եւ անվտանգության մասնագետները կկարողանան օգնել փաստաթղթերին հասանելիությունը վերականգնելու գործում։