11:15 | 20.09.19 | Նորություններ | 2033

Բիզնես հրեշտակների համաժողովը նոր ներդրումներ կապահովի

Սեպտեմբերի 17-ին կայացել է բիզնես հրեշտակների ամենամյա համաժողովը, որին մասնակցում էին գործարար-ներդրողներ, ՏՏ ոլորտի բիզնես ղեկավարներ եւ ստարտափ թիմերի հիմնադիրներ։

Վաղ փուլում գտնվող ընկերությունների զարգացմանն ուղղված ներդրումային կոնֆերանսի խոսնակներն էին վենչուրային ներդրողներ իտալացի Լուիջի Ամատին եւ ֆրանսիացի Բրիջիթ Բոումենը, որոնք Երեւան են ժամանել Business Angel Network of Armenia-ի հրավերով։

Միջազգային համաժողովը բաղկացած էր երկու հատվածից. առաջին փակ մասում ներկա էին միայն BANA-ի ներդրողները, որոնք եվրոպացի խոսնակների հետ փորձի փոխանակում են իրականացրել, այնուհետեւ լսել են երկու հայկական ստարտափների հիմնադիրների ելույթներն ու քննարկել հնարավոր ներդրումների ռիսկերն ու արդյունքները։

Պաշտոնական բացմանը ներկաներին ողջունել են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Գեղամ Վարդանյանը, ԵՄ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Մարիամ Բաբայանը եւ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

Համաժողովից առաջ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է եվրոպացի ներդրողներին: Քննարկվել են, թե ինչպես կարելի է ստեղծել բարենպաստ պայմաններ օտարերկրյա ներդրողների համար եւ ավելի պարզեցնել այդ գործընթացը, նաեւ կարեւորություն են տվել վաղ փուլում ներդրողներին, քանի որ դրանք են հետագայում ապահովում մեծ ձեռնարկությունների կայացմանն ու աճին։

Առաջին անգամ լինելով Հայաստանում՝ Լուիջի Ամատին ուրախությամբ նշել է, որ կառավարելով 100 միլիոն եվրո ունեցող ֆոնդ, ներդրումներ անելով տարբեր երկրների թիմերում, կապ կստեղծի հայկական ստարտափ էկոհամակարգի հետ:

«Արդեն հետաքրքրված եմ Հայաստանի թիմերով, BANA-ի միջոցով ավելի մանրակրկիտ կծանոթանամ հայ նորարարների գաղափարներին։ Նպատակ ունեմ միանալ BANA-ի հրեշտակներին եւ ներդրում անել Հայաստանում», -ասել է նա:

Ամենամյա համաժողովն իրականացվում է Եվրոպական միության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի եւ եվրոպական ESIL ծրագրի աջակցությամբ։ Կոնֆերանսը կազմակերպվել էր Հայաստանի նորարար էկոհամակարգը զարգացնելու նպատակով, ինչին նպաստում է Business Angels Europe ցանցն իր հսկայական փորձով։