16:09 | 19.09.19 | Նորություններ | 9849

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Կողբ գյուղի մանկապարտեզը կունենա ջեռուցման կենտրոնացված համակարգ

Տավուշի մարզի Կողբ գյուղի մանկապարտեզում կտեղադրվի ջեռուցման կենտրոնացված համակարգ՝ համալրված արեւային ջրատաքացուցիչներով:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) ձգտում են տաք ձմեռ ապահովել երեխաների համար:

«Երեխաներին հարկավոր է մեծացնել առանց դժվար հիշողությունների: Դա կարեւոր է հատկապես ապագայի համար: Շիկացած, այրող մետաղը կամ սենյակ լցվող ծուխը չեն կարող առաջացնել դրական հույզեր: Գուցե շատ տարիներ առաջ փայտյա վառարաններով սենյակ ջեռուցելը համարվում էր նորմալ երեւույթ կամ միակ լուծումը, սակայն ոչ այսօր, երբ կան զարգացած ու անվտանգ տեխնոլոգիաներ: Սա մի ծրագիր է, որը թույլ է տալիս նորարար տեխնոլոգիաների կիրառմամբ՝ փոխել սահմանին ապրող երեխայի եւ նրան դաստիարակող մանկավարժի առօրյան: Ուրախ եմ, որ գործընկեր կազմակերպության հետ կարող ենք օգտակար լինել նրանց»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Սահմանապահ եւ հեռավոր բնակավայրերում ջեռուցման էներգախնայող համակարգերի ներդրումը էկոգյուղերի ցանցի ստեղծման կարեւոր քայլերից է: Այս կերպ հնարավոր կլինի այդ գյուղերն ինտեգրել մի գործընթացում, որի հիմքում կայուն զարգացման չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային եւ սոցիալական բաղադրիչներն են: Ծրագրի արդյունքում էապես կկրճատվեն համայնքի բյուջետային ծախսերը, կլինեն խնայողություններ, որոնք կարող են ուղղվել այլ խնդիրների լուծմանը: