14:09 | 10.09.19 | Հոդվածներ | exclusive 150690
Գործարկվել է Concierge Mobile հավելվածը, որի միջոցով հնարավոր է ձեւակերպել պատվեր, որը օգտատիրոջ փոխարեն կիրականացնի Կոնսիերժ թիմը։
Հավելվածը հասանելի է Google Play-ում:
Հավելվածի միջոցով հնարավոր է անվճար զանգի, նամակագրության կամ ձայնային հաղորդագրության միջոցով կապ հաստատել Կոնսիերժի հետ եւ պատվեր ձեւակերպել։
Հավելվածում ինտեգրված են օնլայն վճարման տարբերակներ։
Concierge Mobile-ում ներառված են Հայաստանում ամենապահանջված ծառայությունները՝ տաքսի, սննդի առաքում, տուրիստական փաթեթներ, ավիատոմսեր, մեքենայի ամրագրում եւ այլն:
Ստարտափի հիմնադիրներն են Արեգ Զաքոյանը, Նորայր Մելքումյանը եւ Հովհաննես Մկրտչյանը։ Թիմը բաղկացած է ծրագրավորողներից, դիզայներներից եւ բիզնեսի զարգացման մասնագետներից։
Itel.am-ի հետ զրույցում Նորայր Մելքումյանը նշել է, որ անձնական քարտուղար մոբայլ ծառայությունն առաջինն է Հայաստանում։
«Հավելվածը նախատեսված է բոլոր զբաղված մոբայլ օգտատերերի, հատկապես ճանապարհորդների եւ զբոսաշրջիկների համար։ Առաջիկա մեկ տարում կգործենք Հայաստանում, այնուհետեւ դուրս կգանք այլ երկրներ՝ որպես մասնագիտացված Կոնսիերժ ծառայություն»,- պատմել է նա:
Հավելվածի գաղափարը թիմի մոտ առաջացել էր դեռ 2016թ., երբ շուկայում մեծ թափ էին ստանում մոբայլ ծառայությունները, որոնք այս կամ այն չափով խնայում էին օգտատերերի ժամանակը։
«Մենք ինքներս, լինելով զբաղված տարբեր գործերով, բավականին ժամանակ էինք տրամադրում ինչ-որ ապրանք գնելու, ծառայություններ ամրագրելու համար։ Այդպես առաջացավ գաղափարը ստեղծել Անձնական Քարտուղար ծառայություն, որը մեր փոխարեն կիրականացնի պատվերներ, կտրամադրի ինֆորմացիա եւ այլն»,- նշել է Նորայրը:
Առաջիկայում նախատեսվում է ավելացնել պատվերի ավտոմատ հիշեցումների եւ կատարման համակարգ, որը օգտատիրոջ նախապես տրված հիշեցման կամ հրահանգի հիման վրա կիրականացնի պատվերը կամ ծառայությունը։
Նարինե Դանեղյան