11:20 | 21.06.19 | Հոդվածներ | exclusive 15549

Սմարթ Երեւանի տեսլականը միջազգային փորձագետների աչքերով

 

Մայիսին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) եւ Երեւանի քաղաքապետարանի հրավերով Երեւան էր այցելել միջազգային փորձագետների խումբը, որն աշխատում է միջազգային փորձի վրա հիմնված խելացի քաղաքի զարգացման հայեցակարգի մշակման ուղղությամբ:

Itel.am-ը զրուցել է այցի շրջանակում Երեւան այցելած փորձագետների հետ:

Անդրեյ Բելոզերով

Մոսկվայի նորարարական տեխնոլոգիաների դեպարտամենտի ղեկավարի խորհրդական

ՄԱԶԾ ծրագիրն օգնում է քաղաքների եւ երկրների զարգացմանը: Որպես ՄԱԶԾ փորձագետներ, մենք այստեղ ենք, քանի որ ունենք խելացի քաղաքների զարգացման փորձ:

Այցի նպատակն է հանդիպել Երեւանի քաղաքապետարանի, համայնքների ներկայացուցիչների հետ, քննարկել քաղաքի զարգացման առաջնահերթությունները եւ թե ինչպես կարելի է ընդգրկել թվային տեխնոլոգիաները այդ առաջնահերթությունների շրջանակում:

Այցի արդյունքներով կպատրաստենք ՄԱԿ-ին ուղղված վերջնական առաջարկ՝ նշելով անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը, որոնք կարող են տրամադրվել Երեւանի իշխանություններին՝ մշակելու թվային ճանապարհային քարտեզ՝ սմարթ քաղաքի զարգացման համար:

Երեւանը որպես սմարթ քաղաք զարգանալու մեծ ներուժ ունի: Երեւանի հիմնական մրցունակությունն այն է, որ պաշտոնյաները ցանկանում են փոխել իրավիճակը եւ քաղաքը դարձնել լավագույններից մեկը՝ նաեւ թվային առումով:

Հարկ է նշել, որ խելացի քաղաքը բաղկացած է երկու կարեւոր բաղադրիչից: Առաջինը քաղաքացիների համար նախատեսված սմարթ քաղաքն է, որտեղ տեխնոլոգիաներն ուղղված են բնակիչները կյանքը բարելավելուն եւ առօրյան ավելի հարմարավետ դարձնելուն:

Երկրորդ բաղադրիչը արդյունավետ կառավարումն է՝ թափանցիկ եւ չկոռումպացված:

Խորհուրդ կտամ ստեղծել Երեւանի միասնական վերահսկման կենտրոն`հիմնված քաղաքում արդեն գոյություն ունեցող տեղեկատվական համակարգերի վրա:

Երեւանում արդեն իսկ գործածվում են մի շարք թրենդային տեխնոլոգիաներ, ինչպես բլոկչեյնը: Գուցե եւ հարկավոր են ավելի շատ ռեսուրսներ եւ ֆինանսներ՝ այս տեխնոլոգիաների զարգացումը հաջորդ փուլ հասցնելու համար, բայց արդեն այսօր կարող ենք ասել, որ Երեւանը գնում է ճիշտ ուղղությամբ:

Բաբակ Կոբարի

G Particle ընկերության գործադիր տնօրեն, ԱՄԷ

Այն ինչ տեսա Երեւանում, ինձ թույլ է տալիս ասել, որ Հայաստանն ունի մեծ ներուժ երկու առումով: Առաջին հերթին Հայաստանի ենթակառուցվածքները պատրաստ են խելացի քաղաքի ներդրմանը՝ կապի ենթակառուցվածքների տեսանկյունից: Բացի դա, բանիմաց մասնագետներն այստեղ կարող են այս գործընթացը հաջողությամբ առաջ տանել:

Նախնական փուլում մենք կհասկանանք, թե որոնք են իշխանությունների նախապատվությունները եւ կաշխատենք համապատասխան լուծումներ մշակելու ուղղությամբ:

Սարգիս Մանուկյան

Երեւանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն ընկերության տնօրեն

Խելացի քաղաքը մեկ բանաձեւ չէ, որ կարելի է մի քաղաքի փորձից վերցնել եւ կիրառել մեկ այլ քաղաքի դեպքում: Յուրաքանչյուր քաղաք ունի իր առանձնահատկությունները, ենթակառուցվածքները, պահանջները, ուստի շատ կարեւոր է միջազգային փորձի ուսումնասիրությունը: Շատ ուրախ եմ, որ ունենք բարձրակարգ խորհրդատուներ, որոնք հյուսիսի եւ հարավի զարգացած քաղաքների փորձն են բերել Երեւան: Այդ մասնագետները պրակտիկ մակարդակում իրականացրել են խելացի քաղաքին առնչվող բազմաթիվ նախագծեր:

Այսօր Երեւանում բազմաթիվ թվայնացված ոլորտներ ունենք, անընդհատ զարգացումներ են ընթանում: Այն ժամանակ, երբ ունենանք գործողությունների հստակ ծրագիր, այդ գործընթացն ավելի արագ եւ արդյունավետ կլինի, իսկ բնակչության վրա ազդեցությունն՝ ավելի տեսանելի:

Նարինե Դանեղյան