16:17 | 04.09.19 | Նորություններ | 2064
Մոբայլ վնասակար ծրագրերը 2019թ. երկրորդ եռամսյակում գրոհել են Հայաստանի օգտատերերի 2,08%-ին, Ադրբեջանում՝ օգտատերերի 4,05, եւ Վրաստանում՝ 1,67%-ին։
2019-ի առաջին եռամսյակում Հայաստանի օգտատերերի մոբայլ սարքերի 2,16%-ը բախվել է վնասաբեր ծրագրերի այն դեպքում, երբ Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 1,52%, իսկ Ադրբեջանում՝ 3,12%։
Հայաստանում 2018-ին վնասաբեր ծրագրերի գրոհների ենթարկված մոբայլ օգտատերերի բաժինը կազմել է 4,76%՝ 2017-ի 4,28% փոխարեն։ Վրաստանում այդ տարեկան ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 5,17% ու 4,71%, եւ Ադրբեջանում՝ 2,95% եւ 2,59%։ Այդ մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալները։
Ընկերության լուծումները 2019թ. երկրորդ եռամսյակում աշխարհում հայտնաբերել են մոբայլ սարքերի համար նախատեսված 753 550 վնասաբեր տեղադրման փաթեթ, ինչը 151 624-ով պակաս է, քան նախորդ եռամսյակում։
Նման ծրագրերից պաշտպանության համար փորձագետների կողմից առաջարկվող միջոցներից են միայն վստահելի աղբյուրներից հավելվածներ ներբեռնելը եւ սարքի կարգավորումներում կողմնակի աղբյուրներից ծրագրերի տեղադրման հնարավորությունն անջատելը, ինչպես նաեւ համակարգը եւ հավելվածները մինչեւ արդիական տարբերակներ մշտապես նորացնելը։ Խորհուրդ է տրվում չանցնել ոչ վստահելի հղումներով եւ չբացել կասկածելի ֆայլերը SMS-ներում, էլեկտրոնային փոստում, մեսենջերներում, սոցիալական ցանցերում եւ բրաուզերներում։ Սակայն այս միջոցները լիարժեք չեն, եթե մոբայլ սարքում տեղադրված չէ հուսալի հակավիրուս։