10:35 | 31.07.19 | Նորություններ | 3178

BANA-ի ներդրողները հանդիպել են հայկական 5 ստարտափի

Business Angel Network of Armenia-ն օրերս փակ հանդիպում է անցկացրել հայկական ստարտափ թիմերի համար։

Երրորդ անգամ իրականացվող հանդիպմանը մասնակցել է ՏՏ ոլորտում նորարար լուծումներ առաջարկող 5 նորաստեղծ թիմ, որոնք փիչերի միջոցով ներկայացրել են իրենց արտադրանքը կամ ծառայությունը հայ եւ այլազգի բիզնես ներդրողներին եւ գործարարներին։ Այժմ ընթանում են բանակցություններ նոր ներդրումների համար։

Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի ղեկավար Գրիգոր Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ դեմո օրը ստարտափների հիմնադիրներին հնարավորություն է տալիս անձամբ շփվելու ներդրողների հետ.

«Թիմերն ավելի լավ են հասկանում, թե ինչ է հարկավոր ներդրողի վստահությունը ձեռք բերելու եւ գումար ստանալու համար, իսկ հրեշտակ ներդրողները կարողանում են հարցերի միջոցով մանրամասն ծանոթանալ ոչ միայն գաղափարին, այլեւ թիմին։ Առհասարակ, ստարտափի հետագա զարգացման համար գաղափարից շատ ավելի կարեւոր է թիմը»,- նշել է նա:

BANA-ում նշել են, որ նորաստեղծ ընկերություններին հնարավորություն են ընձեռում կապ հաստատել պոտենցիալ ներդրողների հետ՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանից, ներկայանալ շուկայական տեսանկյունից նորարար արտադրանքով, որոնք կարող է կիրառելի լինել ցանկացած երկրում։