15:50 | 30.07.19 | Նորություններ | 4541

PicsArt-ը iOS ծրագրավորման անվճար դասընթաց կանցկացնի

PicsArt ընկերությունը ընդունում է մասնակցության հայտեր iOS ծրագրավորման մասնագիտացված առաջիկա դասընթացի համար:

Մանրամասներն ու դիմում հայտը հասանելի են այստեղ: Դիմելու վերջնաժամկետը օգոստոսի 5-ն է։

PicsArt iOS Camp ծրագրավորման անվճար դասընթացը նախատեսված է ուսանողների եւ սկսնակ մասնագետների համար, որոնք գործնական ու տեսական խորացված ուսուցման շնորհիվ կդառնան iOS օպերացիոն համակարգի` մեծ պահանջարկ վայելող ծրագրավորման մրցունակ մասնագետներ: Ավելին, ծրագրի շրջանավարտները հնարավորություն կունենան աշխատելու PicsArt առաջատար ընկերությունում:

iOS դասընթացին կարող են դիմել ինֆորմատիկայի կամ հարակից գիտությունների մասնագիտացմամբ, C/C++ ծրագրավորման լեզվին տիրապետող եւ անգլերենի իմացությամբ դիմորդները: Դասընթացները կանցկացվեն PicsArt-ի հայաստանյան գրասենյակում եւ կտեւեն 12 շաբաթ:

«PicsArt iOS Camp-ին կարող են դիմել ծրագրավորման փորձ ունեցող ուսանողներ, ծրագրային ինժեներներ, ովքեր ունեն մեծ եռանդ ու հետաքրքրասիրություն սովորելու եւ նոր մասնագիտացում ձեռք բերելու, ինչպես նաեւ ցանկություն՝ PicsArt մեծ ընտանիքի մասնիկը դառնալու համար: PicsArt iOS Camp-ի մասնակիցներին կտրվի բացառիկ հնարավորություն՝ սովորելու տարբեր մայրցամաքներում տեղակայված ավելի քան հազար սերվերների եւ տվյալների չորս կենտրոնների միջավայրում, որը յուրաքանչյուր ամիս մատակարարում է ավելի քան 95 միլիարդ դիմում եւ ունի 10 Pb-ի հասնող թրաֆիկ»,- նշել է PicsArt ընկերության տեխնիկական գծով գործադիր տնօրեն Արտավազդ Երիցյանը։

PicsArt-ը սոցիալական մեդիայի խմբագրման աշխարհի ամենամեծ ստեղծարար հարթակն է՝ ամսական ավելի քան 130 միլիոն ակտիվ օգտատերերով: PicsArt օգտատերերի համայնքը յուրաքանչյուր ամիս ստեղծում եւ սոցիալական ցանցերում տարածում է շուրջ մեկ միլիարդ նկար:

Հավելվածն անվճար է ու հասանելի է 30 լեզվով՝ iOS, Android եւ Windows սարքերի համար: Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Սան Ֆրանցիսկոյում. Հայաստանից բացի գրասենյակներ կան նաեւ Լոս Անջելեսում եւ Պեկինում: