16:50 | 15.07.19 | Նորություններ | 9612
«Ոսկե ծիրան» Երեւանի 16-րդ միջազգային կինոփառատոնն ամփոփել է մրցութային ծրագրերի արդյունքները:
Հուլիսի 13-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացել է փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը:
«Այս տարի փառատոնը բազում փոփոխություններ է կրել, եւ ի թիվս այդ փոփոխությունների՝ փոխվել են նաեւ փառատոնի շատ աջակիցներ, հովանավորներ: Սակայն չի փոխվել մեր գլխավոր գործընկերը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Մենք ուրախ ենք, որ շարունակում ենք մեր համագործակցությունը, եւ ցանկանում ենք, որ այն հարատեւ լինի», - իր խոսքում ընդգծել է Երեւանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը:
Փակման արարողության ընթացքում ժյուրիի կազմը հայտարարեց մրցանակակիրներին:
Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում «Ոսկե ծիրան» մրցանակ ստացավ Ռիչարդ Բիլինգհեմի «Ռեյ եւ Լիզ» ֆիլմը, «Արծաթե ծիրան»-ի արժանացավ Կանտեմիր Բալագովի «Լողլողը»: Ժյուրիի հատուկ հիշատակմանն արժանացավ Հասան Ֆազիլիի «Կեսգիշերային ճամփորդը»:
Կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթում «Ոսկե ծիրան» մրցանակ ստացավ Մարզիե Ռիահիի «Վարորդական դասեր» ֆիլմը, «Արծաթե ծիրան»-ի արժանացավ Ռատի Ցիտելաձեի «Հասարակության գերին»: Գենադի Մելքոնյանի անվան հատուկ մրցանակին արժանացավ Լիլիթ Պետրոսյանի «Բայինան»:
Տարածաշրջանային համայնապատկեր մրցույթում FIPRESCI մրցանակին արժանացավ Թինաթին Քաջրիշվիլի «Հորիզոնը»:
Վարչապետի մրցանակ (GAIFF Pro-ի կինոյի զարգացման հարթակ) տրվեց Տաթեւ Հակոբյանի «Թակարդը» ֆիլմին:
Կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել էր մասնակցության ավելի քան 740 հայտ: Ցուցադրության համար ընտրվել էին աշխարհի հեղինակավոր՝ Կաննի, Բեռլինի, Ռոտերդամի կինոփառատոնների խաղացանկերից ֆիլմեր: 16-րդ «Ոսկե ծիրանի» լիամետրաժ մրցույթի ժյուրին նախագահում էր ճանաչված կինոռեժիսոր Ալեքսանդր Մինդաձեն:
Միջազգային լիամետրաժ մրցութային ծրագրի ժյուրիի կազմում ընդգրկված էին ռեժիսոր Նիկոլաս Վադիմոֆը (Շվեյցարիա), ռեժիսոր, Թեհրանի միջազգային կինոփառատոնի նախագահ Ռեզա Միրքարիմին (Իրան), պրոդյուսեր, Թրայբեկայի կինոփառատոնի գործադիր տնօրեն Էմի Հոբին (ԱՄՆ), պրոդյուսեր Էլիզաբեթ Կառլսենը (Մեծ Բրիտանիա), կինոքննադատ Պաոլո Բերտոլինը (Իտալիա), դերասանուհի, ռեժիսոր Նինո Կիրտաձեն (Ֆրանսիա):
Կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահը ռեժիսոր Պիպո Մեցապեսան էր (Իտալիա): Ժյուրիի կազմում ընդգրկված էին նաեւ օպերատոր Նորայր Կասպերը (Կանադա) եւ Կլերմոն Ֆերան կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Ժորժ Բոլոնը:
Փակմանը ցուցադրվեց միջազգային լիամետրաժ մրցույթի հաղթողը ֆիլմը: