11:52 | 14.05.19 | Նորություններ | 3086

Շարժական կապի ցանցերի միջեւ փոխկապակցման ծառայությունների վճարը՝ 5 դրամ/րոպե

2019թ. հունիսի 1-ից մինչեւ 2020թ. հունվարի 1-ը ժամանակահատվածի համար հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ցանցերի, ինչպես նաեւ շարժական ու ամրակցված կապի ցանցերի միջեւ կիրառվելիք փոխկապակցման ծառայությունների վճարները սահմանվել են 5 դրամ/րոպե (առանց ԱԱՀ-ի)`գործող 7,5 դրամ/րոպեի փոխարեն (առանց ԱԱՀ-ի):

Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մայիսի 13-ի նիստում:

Որոշման համար որպես հիմք ընդունվել է փոխկապակցման ծառայությունների վճարների վերաբերյալ հանձնաժողովի նախաձեռնած համակողմանի քննարկումների արդյունքները եւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, «ՎԵՈՆ Արմենիա», «ՄՏՍ Հայաստան» ՓԲ եւ «Յուքոմ» ՍՊ ընկերությունների միջեւ ապրիլի 3-ին ստորագրված փոխըմբռնման հուշագիրը:

«Հուշագրի համաձայն նախատեսվում է նաեւ արդարացի եւ ողջամիտ փոխկապակցման վճարների սահմանման նպատակով, հիմք ընդունելով եվրոպական երկրներում ընդունված եւ կիրառելի սկզբունքներն ու մեթոդները, Հանձնաժողովում քննարկել միջազգային համեմատելի ցուցանիշների կիրառման (benchmarking) սկզբունքով փոխկապակցման վճարների հաշվարկման մեթոդաբանություն հաստատելու եւ այդ մեթոդաբանության հիման վրա 2020թ. հունվարի 1-ից հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ցանցերի, ինչպես նաեւ շարժական ու ամրակցված կապի ցանցերի միջեւ կիրառվելիք փոխկապակցման նոր վճարներ սահմանելու հարցերը»,- ասված է հայտարարությունում:

Հուշագրի կողմերը համաձայնել են գործադրել ջանքեր 2021թ. հունվարի 1-ից ՀՀ-ում փոխկապակցման վճարների հաշվարկման «զուտ ներքեւից դեպի վեր երկարաժամկետ հավելյալ ծախսերի հաշվարկման» (Pure BU-LRIC) մեթոդաբանություն ներդնելու ուղղությամբ։