14:55 | 11.04.19 | Նորություններ | 9344

Beeline ստարտափ ինկուբատորում կայացել է Ալեքս Շութմանի վարպետության դասը

Beeline ստարտափ ինկուբատորում կայացել է աշխարհի թոփ 10 գործադիր տնօրեններից մեկի՝ Ալեքս Շութմանի վարպետության դասը:

Ամերիկացի գործարարը հանդիպել է ինկուբատորի ռեզիդենտ ստարտափների հիմնադիրներին եւ Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի (BANA) ներդրողներին ու գործընկերներին:

Workfront-ի գլխավոր գործադիր տնօրեն Ալեքս Շութմանն ունի ավելի քան 25 տարվա ղեկավարման փորձ մի շարք տեխնոլոգիական ընկերություններում, որոնց թվում են՝ IBM, BMC Software, Vignette ընկերությունները, նաեւ Apptio-ն եւ Eloqua-ն, որոնք աշխատում են SaaS-ի ծրագրով:

Իր ելույթում Ալեքս Շութմանը կիսվել է մասնագիտական փորձով՝ խոսելով աշխատանքի կառավարման եւ աշխատանքային միջավայրում առաջնորդության մթնոլորտի կարեւորության մասին: Նա կարեւորել է կապը նոր տեխնոլոգիաների եւ աշխատանքի կառավարման միջեւ: Արդյունավետ աշխատանք ունենալու համար Շութմանը նաեւ կարեւոր է համարում կառավարման մեջ հստակ սահմանել եւ ընթացքում զարգացնել մոտիվացիան եւ տեսլականը:

Ալեքս Շութմանը ներկայացրել է ներկայիս աշխատանքի կառավարման վերաբերյալ արդիական թեմաներից մեկը. «Թեեւ տեխնոլոգիական նորարարությունները բարձրացրել են աշխատանքի որակը, սակայն դեռեւս կառավարման մեջ կան որոշ ասպեկտներ, որոնք լուրջ ուշադրության կարիք ունեն»:

«Հաջող բիզնես ունենալու համար շատ կարեւոր է ճիշտ ղեկավարումը, եւ նման փորձառու մենեջերից խորհուրդներ ստանալը անգնահատելի է երիտասարդ ու սկսնակ գործարարների համար։ Վստահ եմ, որ այս եւ բազմաթիվ նման հանդիպումները խիստ օգտակար կլինեն մեզ Beeline ստարտափ ինկուբատորի թիմերի համար»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Beeline Ստարտափ Ինկուբատորն աջակցում է հայկական ստարտափներին առաջին քայլերը շուկայում անելու հարցում։ Ինկուբատորի նպատակն է` օգտագործելով իր բոլոր ռեսուրսները, նպաստել ստարտափների ինտենսիվ աճին, դրանով իսկ ապահովել ստարտափների ելքը միջազգային շուկա։ Նրանց տրամադրվում է աշխատանքային տարածք, կազմակերպվում են դասընթացներ եւ վարպետության դասեր՝ ձեռներեցության, մենեջմենթի, մարքեթինգի, PR-ի, ֆինանսական եւ իրավաբանական հարցերի վերաբերյալ։