11:11 | 11.04.19 | Նորություններ | 2465
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի հետ հանդիպման ընթացքում՝ Ժնեւում անցկացվող Տեղեկատվական հանրության համաշխարհային ֆորումի (WSIS) շրջանակում հանդիպել է Google ընկերության ինժեներական տնօրեն Սառա Քլատերբակի հետ:
Հակոբ Արշակյանը հանդիպման ավարտից հետո գրառում է կատարել՝ ներկայացնելով դրա մանրամասները:
«Տեղեկացնում եմ ձեզ, որ YouTube-ի եւ Google-ի հետ կապված կարգավորումներով զբաղվող աշխատանքային խումբն արդեն շոշափելի արդյունքներ է տալիս։
Այսօր Ժնեւում Google ընկերության ինժեներական մասի տնօրեն Սառա Քլատերբակի հետ հանդիպման ընթացքում քննարկեցինք հետեւյալ հարցերը, որոնք բարձրացվել էին աշխատանքային խմբի կողմից։
- Ակտիվացնել հայաստանյան թրենդների հատվածը, որը թույլ կտա հասկանալ, թե ինչն է տվյալ պահին հենց Հայաստանում պոպուլյար, այդպիսով ուժեղացնելով տեղական արտադրողի դիրքերը,
- Ակտիվացնել մոնետիզացիան վիդեոբլոգերների եւ լրատվամիջոցների համար։ Այս պահին շատերը ստիպված են ներկայանալ որպես այլ երկրներից օգտատերեր, որպեսզի կարողանան միացնել մոնետիզացիան։ Բայց նույնիսկ այս վիճակում հայալեզու բովանդակությունը ստանում է չնչին ֆինանսական հնարավորություններ։ Այսինքն, հայալեզու բովանդակությունը չի խրախուսվում։
Գլոբալ խնդիրը Google-ի հետ նրանում է, որ գովազդատուների համար հասանելի չէ հայալեզու գովազդը։
- Լուծել հայալեզու գովազդի հարցը Google AdSense-ի մակարդակով, որի անհասանելիությունը ունի բազմաթիվ բացասական հետեւանքներ, օրինակ, թույլ չի տալիս հայաստանյան լրատվականներին ձեռք բերել ավելի մեծ ֆինանսական անկախություն այս հիանալի գործիքակազմի միջոցով, որը տրամադրում է Google-ը։
Ընդհանուր առմամբ տվյալ երեք խնդիրների լուծումը, ըստ աշխատանքային խմբի հաշվարկների, լուրջ խթան կլինի հայաստանյան եւ հայալեզու վիդեոարտադրանքի զարգացման տեսանկյունից։ Բացի դրանից, սա կխթանի խոսքի եւ կարծիքի ազատությունը Հայաստանում։ Մեծ ներդրում կլինի նաեւ աշխարհում սփռված հայերի համար հայերեն լեզվի իմացությունը պահպանելու տեսանկյունից։
- Google-ի կողմից ակնկալում ենք ստանալ այն խնդիրների ցանկը, որոնք հարկավոր է լուծել, որպեսզի Հայաստանի բնակչությունը, մեդիան, բիզնեսը ավելի համապարփակ օգտվեն Google-ի եւ Youtube-ի ծառայություններից։
Այսինքն, պետք է հստակ հասկանալ, թե ինչ քայլեր են անհրաժեշտ ՀՀ կառավարությունից, բանկային համակարգից, տեխնոլոգիական համայնքից, որպեսզի խնդիրը հնարավոր լինի լուծել։
- Բացի տվյալ խնդիրներից, գոյություն ունեն նաեւ Google-ի հետ կապված այլ խնդիրներ։ Այսպիսով, Google Maps-ն օգտվում է հին սովետական սահմաններից եւ մի շարք բնակավայրեր Հայաստանի հարավում եւ հյուսիսում դիտարկվում են որպես Ադրբեջանի անկլավներ։ Այդ պատճառով նավիգացիան Հայաստանի տարածքում բարդեցված է, քանի որ ճանապարհը քարտեզի վրա գծագրվում է խիստ սխալներով։ Օրինակ, Երեւանից Գորիս ճանապարհը Google-ի նավիգացիայով հստակ չի աշխատում, քանի որ այն փորձում է շրջանցել իբր ադրբեջանական տարածք։ Այս հարցերը առաջացնում են լուրջ խնդիրներ տուրիստների համար։
Նշված եւ այլ հարցերով պայմանավորվեցինք երկու կողմից ներգրավել մասնագետների, որոնք կաշխատեն հարցերի լուծման ուղղությամբ»,- հայտարարել է Հակոբ Արշակյանը:
Նախարարը Սառա Քլատերբակին հրավիրել է Հայաստան մասնակցելու WCIT 2019-ին:
«Հանդիպմանը քննարկվել է եւս մեկ հարց, որն անակնկալ կլինի Հայաստանի բոլոր քաղաքացիների համար՝ իրականանալու դեպքում, այդ իսկ պատճառով թույլ տվեք այդ մասին դեռ չբարձրաձայնել»,- հավելել է Հակոբ Արշակյանը: