14:26 | 10.04.19 | Նորություններ | 2377

Հայաստանն ու Թաիլանդը մտադիր են համագործակցել բարձր տեխնոլոգիաների ոլորտում

Ժնեւում անցկացվող Տեղեկատվական հանրության համաշխարհային ֆորումի (WSIS) շրջանակում ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը հանդիպել է Թաիլանդի Թվային տնտեսության եւ հասարակության նախարար Պիչետ Դուրունգավերոյի հետ:

Կողմերը քննարկել են բարձր տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի եւ Թաիլանդի միջեւ համագործակցության հնարավորությունները։ Մասնավորապես, նախարարը ներկայացրել է Հայաստանում ստեղծված եւ հաջողությամբ կիրառվող այնպիսի տեխնոլոգիաներն ու հարթակները, ինչպիսիք են «Թումո» կենտրոնը, «Արմաթ» լաբորատորիաները, Dasaran.am-ը, հարկային համակարգի թվայնացումը, ինչպես նաեւ այլ նախագծեր, որոնք կարող են կիրառվել Թաիլանդում։

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել աշխատանքային հարթակ՝ հետագա քննարկումների եւ համագործակցության համար։

Հակոբ Արշակյանը Պիչետ Դուրունգավերոյին հրավիրել է մասնակցելու Երեւանում աշնանը կայանալիք ՏՏ համաշխարհային կոնգրեսի նախարարական կլոր սեղանին։