16:49 | 09.04.19 | Նորություններ | 2492
Այսօր Ժնեւում ապրիլի 9-ին մեկնարկել է Տեղեկատվական հանրության համաշխարհային ֆորումը (WSIS), որին մասնակցում է նաեւ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:
Նա ելույթ կունենա ֆորումի շրջանակում, որտեղ կներկայացնի ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունը թվային կապի եւ տնտեսության տարբեր ճյուղերում, իրականացվող ծրագրերը եւ հետագա անելիքներն ու ակնկալիքները։
WSIS-ը տեղեկատվական եւ կապի տեխնոլոգիաների ոլորտում անցկացվող ամենախոշոր ամենամյա միջոցառումն է, որը կազմակերպում է Հեռահաղորդակցության միջազգային միությունը (ՀՄՄ)՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի առեւտրի եւ զարգացման համաժողովի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ:
Ֆորումն 170 երկրների հարյուրավոր ներկայացուցիչների, այդ թվում՝ նախարարների, ինչպես նաեւ համաշխարհային հեղինակավոր ընկերությունների եւ կազմակերպությունների ղեկավարների, հնարավորություն է տալիս փոխանակվելու տեղեկատվությամբ, կիսվելու գիտելիքներով եւ փորձով, հետեւելու ժամանակակից միտումներին:
Այս տարի ֆորումի խորագիրն է՝ «Տեղեկատվական եւ կապի տեխնոլոգիաները՝ կայուն զարգացման նպատակներին հասնելու համար»: