16:25 | 01.04.19 | Armenia Startup Academy-ի շրջանավարտները | exclusive 14260
Itel.am-ն առանձին շարքով ներկայացնում է Armenia Startup Academy-ի աքսելերացիոն երրորդ շրջանի շրջանավարտ ստարտափներին:
AFS (Advanced Filtering Systems) ստարտափն արյան եւ այլ հեղուկների ֆիլտրման նորարարական տեխնոլոգիա է մշակում:
«Սարքի միջով հոսող հեղուկների մեջ 1-30 մկմ չափերով մասնիկները ճանաչվում են պատկերի ճանաչման ալգորիթմով եւ հատուկ MEMS ղեկավարվող ֆիլտրի միջոցով առանձնացվում եւ հավաքվում են տարբեր անոթների մեջ: Առանձնացված մասնիկները այնուհետ կարող են ուղարկվել հետագա ախտորոշման կամ օգտագործվել բազմաթիվ այլ նպատակներով: Սարքավորումը կարող է օգտագործվել նաեւ հեղուկը կամ արյունը որոշակի անցանկալի մասնիկներից մաքրելու համար»,- պատմել է ստարտափի համահիմնադիր Արա Թառումյանը:
Նրա խոսքով, իրենց մշակած տեխնոլոգիան առանձնանում է շուկայական ցածր արժեքով, ինչպես նաեւ ունիվերսալությամբ: Թիրախում բժշկական լաբորատորիաներն են, հետագայում նաեւ հիվանդանոցները:
Armenia Startup Academy-ի աքսելերացիոն ծրագրին մասնակցությունը ստարտափին
հնարավորություն է տվել լրացնել գիտելիքները տարբեր բնագավառներում, ինչպիսիք են վաճառքները, մարքեթինգը, վենչուրային ներդրումները: Թիմը նաեւ կարեւորում է համախոհների ու այլ ստարտափների հետ բազմաթիվ նոր ծանոթությունները, նեթվորքինգը:
Առաջիկա մեկ տարում ստարտափը պատրաստվում է ավարտել սարքի նախատիպի վրա աշխատանքը: