11:34 | 26.03.19 | Armenia Startup Academy-ի շրջանավարտները | exclusive 195245
Itel.am-ն առանձին շարքով ներկայացնում է Armenia Startup Academy-ի աքսելերացիոն երրորդ շրջանի շրջանավարտ ստարտափներին:
Do. ստարտափի ստեղծած համանուն հարթակը հեշտացնում է մասնագետ գտնելու գործընթացը:
Հարթակում խնդիրը ներկայացնելուց հետո, մասնագետներն առաջարկում են իրենց գները՝ տվյալ խնդիրը լուծելու համար, իսկ պատվիրատուն՝ տեսնելով գներն ու անցյալում մասնագետի ստացած գնահատականները, որոշում է, թե ում հետ համագործակցել։
Ստարտափի հիմնադիրներն են Էրիկ Դավթյանը եւ Կրիկոր Մելքոնյանը, թիմում կա նաեւ մեկ ծրագրավորող՝ Նարեկ Ղեւոնդյանը։
Էրիկ Դավթյանի խոսքով, Do.-ն, ի տարբերություն նմանատիպ ստարտափների, աշխատում է քարտեզային հարթակի ձեւաչափով, ինչն ավելի հարմար է դարձնում մոտակայքում աշխատանք գտնելը:
«Առկա է նաեւ երկկողմանի վարկանիշային համակարգ՝ ոչ միայն վարձողն է գնահատում մասնագետին, այլ նաեւ մասնագետը՝ վարձողին։ Դրանով մենք փորձում ենք խրախուսել պատասխանատու մարդկանց, իսկ մյուսներին ֆիլտրել հարթակից։ Ապագայի ծրագրերում է գովազդային համակարգի ինտեգրացիան, ինչպես նաեւ մասնագետներին smart bidding եւ smart routing տեխնոլոգիաների տրամադրումը: Դրանց միջոցով մեր ալգորիթմները ավտոմատ գին կորոշեն աշխատանքների վրա, առավելագույնի հասցնելով մասնագետի աշխատած գումարն ու նվազեցնելով ճանապարհի վրա կորցրած ժամանակը»,- նշել է Էրիկ Դավթյանը:
Do.-ի թիրախային լսարանը բաժանվում է 2 մասի՝ տարբեր ոլորտների մասնագետներ, եւ մարդիկ, որոնք որոնում են այդ մասնագետներին։
Էրիկ Դավթյանի խոսքով, Armenian Startup Academy-ի աքսելերացիոն ծրագիրը թիմին օգնել է հասկանալ ստարտափ սկսելու հիմնական մեթոդիկան, ինչպես նաեւ կապեր հաստատել Հայաստանից եւ արտերկրից ձեռներեցների հետ:
Մինչեւ տարեվերջ Do.-ն ծրագրում է ներդնում ստանալ, գործարկել հավելվածի ամբողջական տարբերակը եւ ունենալ հարթակի միջոցով կատարված առնվազն 8000 աշխատանք:
Նարինե Դանեղյան