11:31 | 25.03.19 | Armenia Startup Academy-ի շրջանավարտները | exclusive 184436
Itel.am-ն առանձին շարքով ներկայացնում է Armenia Startup Academy-ի աքսելերացիոն երրորդ շրջանի շրջանավարտ ստարտափներին:
Expper Technologies-ը հաճախորդներին սպասարկող ռոբոտներ է ստեղծում կորպորատիվ բիզնեսի համար:
Ստարտափի ստեղծած Ռոբին ռոբոտը բիզնեսներին կօգնի մարդկային ռեսուրսների զրոյական կիրառման շնորհիվ օպտիմիզացնել ծախսերը՝ ապահովելով 24/7 ռեժիմում հաճախորդների սպասարկում:
Expper Technologies-ը հիմնադրել են Կարեն Խաչիկյանը (տնօրեն) եւ Հայկ Խորասանջյանը (տեխնիկական տնօրեն): Թիմում աշխատում է եւս 5 մասնագետ։
Կարեն Խաչիկյանն Itel.am-ի հետ զրույցում նշել է, որ ներկայում շուկայում գոյություն ունեցող ռոբոտները թանկ են, օգտագործման համար բարդ եւ տարբեր բիզնեսների կարիքների հետ դժվար ինտեգրվող: Այդպիսով, առկա լուծումները կիրառելի չեն մեծ թվով ընկերությունների համար:
«Այսօրվա դրությամբ, սպասարկող ռոբոտների շուկան արագորեն աճում է: 2020թ. այն կկազմի մոտ $19 մլրդ, մոտավորապես 19% տարեկան ընդհանուր աճի տեմպով։ Թիրախային հաճախորդների խումբը ծառայություններ մատուցող հիմնական օպերատորներն են (բանկեր, հյուրանոցներ, առեւտրի կենտրոններ եւ այլն): Մենք արդեն սկսել ենք Ռոբինի վաճառքը Հայաստանում», - նշել է Կարեն Խաչիկյանը:
Նա նշել է, որ Armenia Startup Academy-ի աքսելերացիոն ծրագրին մասնակցությունը թիմին առաջին հերթին նոր գիտելիքներ է տվել եւ հնարավորություն՝ զարգացնել սեփական բիզնես գաղափարները։
Ստարտափն այս տարի ծրագրում է մուտք գործել հայաստանյան շուկա՝ բիզնեսն ընդլայնելու, եւ հետագայում ամերիկյան շուկա մուտք գործելու նպատակով:
Հիշեցնենք, որ Expper Technologies-ը 2018թ. նոյեմբերին ԵՄ Գիտական եւ տեխնոլոգիական ձեռներեցության դրամաշնորհային ծրագրի (EU4Business STEP2) հաղթողներից է: