11:23 | 19.03.19 | Նորություններ | 3274

Հայտնի են Climate Tech Hackathon-ի հաղթողները

 

Երեւանում ամփոփվել են մարտի 16-17-ը Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնում կայացած Climate Tech Hackathon-ի արդյունքները:

24 ժամ տեւողությամբ հաքաթոնն ուղղված էր կլիմայի փոփոխության հետեւանքով քաղաքային զարգացման ոլորտում առկա մարտահրավերներին դիմակայելու նորարարական լուծումների ստեղծմանը։ Դրան մասնակցել են համալսարանական խմբեր, ոլորտի փորձագետներ, բնապահպաններ:

Մարտահրավերների շրջանակն ընդգրկել է հետեւյալ ոլորտները՝ ջրի եւ օդի աղտոտվածություն, քաղաքային կանաչ տարածքներ, խելացի տրանսպորտային համակարգ, կոշտ թափոնների կառավարում եւ քաղաքային գյուղատնտեսություն։

Հաղթող են ճանաչվել RESIDENT եւ URBONSARIUM ստարտափները՝ ստանալով յուրաքանչյուրը $2000 մրցանակ: Ամենանորարական գաղափար մրցանակին ($1000) արժանացել է SECOS ստարտափը, իսկ ITERATE եւ EVI ստարտափները ստացել են Climate Change Tech աքսելերատորին մասնակցելու հնարավորություն:

Հաքաթոնը կազմակերպել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) անտառային եւ դաշտային հրդեհների կառավարման ծրագիրը՝ ՄԱԶԾ ԻմփաքթԷյմ վենչուրային աքսելերատորի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի եւ Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ:

Միջոցառումը ֆինանսավորվել է Ռուսաստանի Դաշնության եւ Ասիական զարգացման բանկի կողմից՝ ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ։